կարևոր
559 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 16:12

ՀՀ տարածքի նույնիսկ մեկ մետրը չի կարող փոփոխվել առանց ՀՀ ժողովրդի կարծիքի․ Արամ Վարդևանյան

ՀՀ տարածքի նույնիսկ մեկ մետրը չի կարող փոփոխվել առանց ՀՀ ժողովրդի կարծիքի․ Արամ Վարդևանյան

Հայաստանի տարածքի նույնիսկ 1 մետրն առանց հանրաքվեի չի կարող փոփոխվել։ Սահմանադրությունն ուղղակիորեն է ասում, որ տարածքային փոփոխություն կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով, հնարավոր է՝ հանրաքվե է տեղի ունեցել, մենք տեղյակ չենք։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրատապ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

«Զարմանալի է, որ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին վարձատրվող պետական ծառայողները այս պահին ներկա չեն այս հանձնաժողովի նիստին։ Եթե պարգևավճարների և հավելավճարների վերաբերյալ սահմանափակում լիներ վստահ եմ լեփ-լեցուն կլիներ հենց այս դահլիճը։

Չի կարող նման աբսուրդային իրավիճակ ձևավորվել ՀՀ-ում։ Կարծես թե, երբ օրենքները խախտվում էին, խոսում էին, թե օրենքն այսպես կամ այնպես է մեկնաբանվում, ապա այս պարագայում Սահմանադրության մասին է, որտեղ սևը սպիտակի վրա է գրված։

Բացի այդ՝ Սահմանադրությունը ԶՈՒ-երի վերաբերյալ ունի կարգավորում և ԶՈՒ-երը ունեն պարտականություն՝ ապահովելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և անձեռմխելիությունը, Սահմանադրությունը ԶՈՒ-երին անգործության մատնելու լիազորություն չի տալիս»,-նշեց Վարդևանյանը։

Վարդևանյանի դիտարկմամբ՝ խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ ՀՀ ազգային և պետական շահը որևէ կերպ չի շահարկվում, կարող ենք ասել, որ այս իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը։

«Այս ամենի վերաբերյալ խոսել կամ վարվել այնպես, ինչպես այս իշխանություններն են անում, կարող է լինել միայն ոչ ՀՀ շահերը ներկայացնող ռեժիմի պայմաններում, ուրիշ տարբերակ ուղղակի չկա»,-նշեց Վարդևանյանը։

Պատգամավորի խոսքով՝ հասել ենք աբսուրդային կետի, որի վերաբերյալ ոչ իրավական, ոչ բարոյական տեսանկյունից չենք կարող հետևություն անել։

«Մեծ ցավ եմ ապրում, որ ՀՀ իրավապահ համակարգը կարող է լինել այնպիսին, ինչպիսին այսօր կա, որ չունենա որևէ իմունային համակարգ, որ գիտակցի, որ իրենք ոչ թե ինչ-որ իշխանության դրածոներն են, այլ՝ ՀՀ ծառայողներն են, որ ՀՀ շահը պետք է պաշտպանեն, Սահմանադրությունը պաշտպանեն, ոչ թե՝ նպաստեն դրա խախտմանը»,-ընդգծեց Վարդևանյանը։