Այս քննարկմանը ներկա են բացառապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ ՔՊ խմբակից որևէ մեկը ներկա չէ: Այս մասին խորհրդարանում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Այս իրավիճակը հիշեցնում է նոյեմբերի 9-ի իրականությունը՝ «երբ նույն խմբակի անդամները փախած էին» և հնարավոր չէր որևէ բացատրություն ստանալ՝ թե ի՞նչ է կատարվում:
Այս նույն իրավիճակը նրանք որդեգրել են նաև հիմա, իրենցից որևէ մեկն այստեղ չէ, իրենց չի հետաքրքրում այն հանգամանքը, որ ՀՀ սուվերեն գտնվում են օտարերկրյա թշնամական ուժեր, և արդեն իրենց քաղաքացիաիրավական և հարկային օրենսդրությամբ սկսում են ինչ-որ գործողություններ իրականացնել»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ թե այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները մաքսակետ են դրել, հայկական չէ՝ Աննա Մկրտչյանն ասաց՝ դրանք «դավաճանության մասին խոստովանական ցուցմունք են»:
«Այն տեքստը գրած, որ ինքը բերել էր, ըստ որի՝ այն ինչ կատարվում է, Հայաստանի սուվերեն տարածքում չէ, այս ամենը ուղղակի պետական դավաճանության մասին է խոսում, որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհին, դա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում է տեղի ունենում»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ տեղի է ունենում ընդամենը մեկ գործարք. «Հայաստանի հանձնումը մաս-մաս, այն հերթականությամբ և ցանկությամբ, որով պայմանավորվել են թուրքերը՝ այստեղ իշխանությունը զավթած թուրքի ստրուկների հետ միասին»,-ասաց նա և հավելեց. «Հիմա բացառապես միակողմանի ՀՀ տարածքների հանձնում է տեղի ունենում»,-ասաց Աննա Մկրտչյանը: