կարևոր
580 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-11 15:35

Փաստ է, որ ՀՀ իշխանությունը հերթական անգամ հանրությունից գաղտնի գործարք է իրականացրել ի վնաս Հայաստանի. Գեղամ Մանուկյան

Կարծես փորձում էին հպարտանալ, որ առայժմ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, հստակ փաստում է, որ իշխանությունը ոչ թե որևէ փաստաթուղթ չի ստորագրում, այլ ժողովրդի թիկունքում, ԱԺ-ի թիկունքում, բանավոր կարգով գործարքների է գնում թշնամի երկրի հետ։ Այս մասին ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Բոլոր փաստերը վկայում են, որ առանց պաշտոնական հայտարարության, առանց պաշտոնական փաստաթղթերի, բանավոր կարգով, հանրությունից գաղտնի Ադրբեջանի հետ գնացել են գործարքի, պարտադրված են եղել կամ ցանկացած ձևաչափով»,-ասաց Մանուկյանը։

Պատգամավորը նկատեց, որ Հ1-ի լուրերի հիմնական թողարկման ժամանակ ԱԽՔ-ը հազվադեպ է գնում, և շեշտեց, որ նախորդ օրը եթերում Արմեն Գրիգորյանը իմիջայլոց ասում է՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական հենակետ ու մաքսակետ է դրվում:

Մանուկյանի խոսքով, ԱԽՔ-ը լեզվի սայթաքումով հայտնել է՝ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել, որ Ադրբեջանը նման քայլի է գնալու:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ ադրբեջանական հենակետերի և մաքսակետի տեղադրման օրը ՀՀ կառավարության ներկայացուցիչը հրապարակային ասում է՝ Տաթև-Կապան ճանապարհն արդեն պատրաստ է:

«Փաստ է, որ ՀՀ իշխանությունը հերթական անգամ հանրությունից գաղտնի գործարք է իրականացրել ի վնաս Հայաստանի տարածքային ամբողջականության»,- հայտարարեց Մանուկյանը և շեշտեց, որ դրանով խիստ վտանգվել է Սյունիքը: