20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Այսօր Խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային հրատապ քննարկում է հրավիրվել՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:
Նիստին մասնակցում էին բացառապես ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները: Քննարկմանը հրավիրված են եղել նաև գործադիրի ներկայացուցիչները, այդ թվում՝ Փաշինյանը, ինչպես նաև՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, սակայն նրանցից որևէ մեկը ներկա չէր քննարկմանը:
«Գորիս-Կապան ճանապարհին տեղադրվել են մաքսային կետեր, ստացվում է, որ ՀՀ տարածքի մասին այլևս պետք է անցյալով խոսենք, և չենք կարողանալու օգտվել այդ տարածքից: Սա վարչապետն ասում է սառը դատողությունների հորդորով և սառը գլխով որոշումներ կայացնելու անհրաժեշտությամբ, ինչն անընդունելի է»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց այն հարցադրումները, որոնց Նիկոլ Փաշինյանը հստակ պետք է պատասխանտա՝
- Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում։
- Արդյոք արդեն իրականացվել է դեմարկացիա և դելիմիտացիա։ Միայն դրա հիման վրա դուք կարող էիք նման հայտարարությամբ հանդես գալ։
- Ի՞նչ իրավական հիմքով է հայտարարվում, որ անցակետը ՀՀ տարածքից դուրս է․ ո՞ր քարտեզի հիման վրա։
- Երբ պետական սահմանի փոփոխություն է իրականացվում, այն իրականացվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ։ Մենք օրենքի որևէ փոփոխություն չենք իրականացրել, հետևաբար սա իրավական տեսանկյունից խնդրահարույց է։
- Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ ակնկալում են այս հարցերի պարզաբանումներն ստանալ կառավարությունից, բայց մինչ այս պահը արձագանք չկա.
«Հույս ունենք, որ Կառավարության ներկայացուցիչը կներկայանա խորհրդարան: Իսկ եթե չներկայանա, մենք մեր ասելիքը հրապարակավ պետք է փոխանցենք՝ ակնկալելով, որ առաջիկայում ինչ-որ ֆորմատ կձևավորվի, և հնարավորություն կունենանք մինչև լիագումար նիստերի սկսվելը պարզաբանումներ ստանալ»,-ասաց նա: