կարևոր
325 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 15:07

Մեղրիի նորընտիր ավագանին համայնքապետ է ընտրել

Մեղրիի նորընտիր ավագանին համայնքապետ է ընտրել

Այսօր՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին Մեղրիի համայնքի ավագանու նստավայրում կայացել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի համամասնական ընտրակարգով 2021 թվականի հոկտեմբերի 17-ին ընտրված նորընտիր ավագանու առաջին նիստը:

Օրակարգում հետևյալ հարցերն էին.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 11-ի N1 նիստի օրակարգը`

1) Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություն.

2) Մեղրի համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին որոշման ընդունում.

3) Մեղրի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական երկրորդ գումարման օրվա սահմանում:

«Հանրապետություն» կուսակցության անդամ Բագրատ Զաքարյանը 15-ից 8 կողմ ձայնով ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Մեղրի համայնքում հաղթել էր Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 59,47 տոկոսը։ Մեղրիում պայքարում էին 4 քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Նոյեմբերի 3–ին հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կոալիցիոն հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է համայնքային իշխանությունը բաժանել միմյանց միջև․ 5 տարվա առաջին կեսը` 2.5 տարին, կպաշտոնավարի «Հանրապետություն» կուսակցությունը, մյուս 2.5 տարին՝ «Ազատական» կուսակցությունը` ի դեմս Խաչատուր Անդրեասյանի: