կարևոր
703 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 14:44

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում թուրք զինվորականների ծառայության ժամկետը երկարաձգվել է

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում թուրք զինվորականների ծառայության ժամկետը երկարաձգվել է

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել է Ակնայի (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ կենտրոնում թուրք զինծառայողների ծառայության ժամկետը 2021 թվականի նոյեմբերի 17-ից ևս մեկ տարի երկարաձգելու մասին օրինագիծը։ Թուրքիայի նախագահի ներկայացրած առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Որոշման մեջ նշվել է, որ Թուրքիան շարունակելու է իր աշխատանքները Ռուսաստանի հետ ձևավորած համատեղ կենտրոնում և դրա միջոցով «ներդրում է ունենալու տարածաշրջանում անվտանգության և կողմերի միջև վստահության հաստատմանը»։

Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում տեղակայված՝ շուրջ վեց տասնյակ զինվորականներից կազմված թուրքական զորախումբը դիտորդական առաքելություն է իրականացնում ռուս զինվորականների հետ համատեղ մշտադիտարկման կենտրոնում:

Դիտորդական առաքելության իրականացման շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները համաձայնության էին եկել արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Հիշյալ նախագծին խորհրդարանում կողմ են քվերակել իշխող կոալիցիայի անդամ «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», ինչպես նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Լավ» կուսակցությունները։ Դեմ է եղել միայն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնը պիտի տեղակայվի Ադրբեջանի տարածքում: