Ադրբեջանը սահմանային և մաքսային հսկողության կետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկությունը նորություն չէր իրենց համար, իսկ հետևանքների ու խնդիրների մասին բարձրաձայնում են պատերազմն ավարտվելու առաջին օրվանից։ Ադրբեջանական զինծառայողների՝ գլխավոր մայրուղու տարբեր կետերում տեղակայվելուց հետո հստակ էր, որ Գորիս համայնքի երեք գյուղերի ու բնակիչների համար հետագայում լուրջ խնդիրներ են առաջանալու՝ թե՛ տեղաշարժի, թե՛ անվտանգության հետ կապված։
«Մաքսակետերի մասին այսօր հայտնի չդարձավ, այս ամենը վաղուց պարզ էր։ Խնդիրների մասին մենք մեկ տարի է բարձրաձայնում ենք։
Մտավախությունները հիմնականում կապված են համայնքի երեք՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի հետ։ Կորցնելով այս մայրուղին՝ գյուղերը բավականին լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնել։ Մտահոգությունները հիմնականում դրա հետ են կապված»։
Չնայած Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Հայտարարվել է նաև, թե կառուցվում է Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև դեպի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գնացող ճանապարհները։ Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ դա երկար է ճանապարհ ու բացակայում է կարևոր մի փաստ՝ մայրուղու առկայությունը։
«Այլընտրանքային ճանապարհը պատրաստ է Կապանի համար։ Ինչ վերաբերում է երեք գյուղերին, կոնկրետ Որոտանի ճանապարհը դեռ ընթացքի մեջ է։ Կառուցվում է Տաթև համայնքի Խոտ գյուղով դեպի Որոտան ճանապարհը, բայց ինքը բավականին երկար է Գորիսից։ Կտրված վիճակում է ու ամենակարևորը մայրուղու բացակայությունն է, այսինքն այդ գյուղերի համար թիվ մեկ երաշխավորը, ըստ իս, այս մայրուղու աշխատելն է»։
Կոնկրետ խնդիրների մասին Հովսեփյանը չբարձրաձայնեց, նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ անհրաժեշտություն կա հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, պրոցեսները դեռ ընթացքի մեջ են։
Հարցին, թե ինչպես է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը, փոխքաղաքապետը նշեց, որ ինքը դա չի պատկերացնում։
Հարցին՝ թե չի կարծում, որ այս գործառույթները ենթադրում են բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից, Հովսեփյանը նշեց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, խոստացավ անձամբ տեսնել, թե ինչ գործառույթներ ու գործողություններ են իրականացվում ու հույս ունի, որ մոտ օրերս իրավիճակն ամբողջությամբ կպարզաբանվի։
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին կեսգիշերից մի քանի ժամ առաջ հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ 24։00-ից սկսած, ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։