կարևոր
859 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 20:40

Բողոքի ակցիա՝ հանուն վտանգված հայրենիքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ ընթանում էր Կառավարության նիստը, շենքի դիմաց քաղաքացիները իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում: Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր՝ կեսգիշերից Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում  մաքսակետեր է տեղադրում: Անհանգստության փոխարեն Անվտանգության խորհրդի քարտուղարը հպարտացել է, որ ունենք նաեւ այլընտրանքային ճանապարհ:

Ի նշան բողոքի՝ Կառավարության մոտ ակցիա են իրականացնում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, քաղաքական և հասարակական գործիչներ, երկրի ճակատագրով անհանգստացող, սրտացավ քաղաքացիներ։ Շենքում այժմ Կառավարության նիստ է ընթանում, իսկ տարածքում բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայվել: 

«Հայաստան» խմբագրության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց,որ ակցիայի ավարտից հետո փորձելու է Կապան հասնել հենց այդ ճանապարհով, որպեսզի հասկանա, թե ինչպես պետք է այդ տարածքով անցնի սովորական քաղաքացին, ավելին կոչ արեց, որ ճանապարհաշինության մասին պարծեցող Սուրեն Պապիկյանը Կապան մեկնի այդ հատվածով, իսկ Կապանի ՔՊ թեկնածուն էլ ընտրողների հետ հանդիպի հենց Գորիս-Կապան ճանապահի հատվածում:

ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանի խոսքով իշխանության քայլերի հետեւանքով մենք օր-օրի կորցնելու ենք հայրենիքի մի մասը, իսկ այն գյուղերը, որոնք մնացել են շրջափակման, մեջ աստիճանաբար հայաթափվելու են:

Կառավարության դիմաց ակցիա  իրականացնող «Հայաստան» խմբակցության պատգամավորները, քաղաքական եւ հասարակական գործիչները եկել էին պատասխան պահանջելու հայրենիքը վտանգելու համար, բայց պատասխանի փոխարեն ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին երեք տասնյակից ավել մարդու՝ առանց պատճառը նշելու:

Քաղաքացիներին բաժին տեղափոխող ոստիկանական մեքենան ճանապարհին վթարի էր ենթարկվել, որի հետեւանքով վնասվել է 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՅԴ կամավորական վաշտերի աշխատանքը համակարգող Իգոր Սարգսյանի ոտքը, վատացել էր նաեւ Հակոբ Դաշյանի ինքնազգացողությունը:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։