կարևոր
247 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 10:20

Այսօր Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է

Այսօր Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է

Հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևանում։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան):

Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929 թ-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948 թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։

1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956 թ-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։

Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950 թ-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։ (երգեր՝ «Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։

«Առաջին սիրո երգը» և «Երևան»-ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։

Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։