Այսքան ոստիկան, որ Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ որևէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Կառավարության շենքի դիմաց՝ դիմադրության ակցիայի ժամանակ՝ արձանագրելով, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր կառուցելու պատասխանատուն ՀՀ հայրենադավ, դավաճան, կապիտուլյանտ իշխանություններինն է։
«Երեկվանից այս կապիտուլյանտ իշխանության համաձայնությամբ, դավաճանակլան համագործակցությամբ, փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կարևորագույն մայրուղիներից մեկի՝ Սյունիքի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն։ Իրենք դրանից չեն ամաչում, վատ չեն զգում, չունեն ամոթի զգացում, Փաշինյան Նիկոլը չի ամաչում»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան Փաշինյանն ընդունեց, որ Հայաստանի տարածքը թուրքին հանձնելու որոշումը կայացրել է ինքը։
«Օրը ցերեկով ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ հայկական հողը թուրքին տալու որոշումը կայացրել է նա։ Եվ ամեն մի մեր հայրենակցի պարտքն է այս ամենի համար պատասխան պահանջելու»,-ասաց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ մեզանից ամեն մեկի պարտքն է պատասխան պահանջելու այն դավաճանական գործողությունների համար, որի հետևանքով այսօր Հայաստանի հարավը կտրվել է մնացյալ ամբողջ երկրից, երբ շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր, իսկ իշխանությունները շարունակում են հպարտանալ, թե բերել են խաղաղություն։
«Նրանք բերել են ստրկություն, բերել են պարտություն, բերել են նվաստացում։ Աժ-ում ունենք հնարավորություն պատասխան պահանջելու, բայց քանի որ հարցը հրատապ է՝ այստեղ ենք պատասխանատվություն պահանջում, և նրանք պետք է իջնեն և պատասխան տան դավաճանական արարքների համար, որի հետևանքով այսօր մեր սյունեցի հայրենակցին՝ այստեղ կանգնած հայ ոստիկանների նման այլ ոստիկաններ թույլ չեն տվել անգամ անցնել Հայաստանի մայրուղով։ Այսպիսին են սրանք սարքել երկիրը և շարունակում են կեղծ խաղաղության խոստումով նորից բերել նվաստացում»,-ասաց Գեղամ Մանուկյանը