կարևոր
2605 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-10 21:51

Կեսգիշերին Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ է տեղադրում. ՀՀ Անվտանգության քարտուղարը հաստատում է

Կեսգիշերին Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ է տեղադրում. ՀՀ Անվտանգության քարտուղարը հաստատում է

Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 24:00-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, Հանրային հեռուստաընկերության ժամը 21:00-ի Լուրերի  թողարկման եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

«Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվեց արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»,-ասաց Գրիգորյանը։

«Շուռնուխ Որոտան Ճակատան համայնքների համար, որոնք գտնվում են Գորիս-Կապան ճանապարհին, այս պահին ևս ճանապարհային աշխատանքներ են կատարվում: Դեպի համայնքներ տանող ճանապարհները այս պահին ասֆալտապատ չեն, բայց մոտ ապագայում կլուծվեն խնդիրները»,- հավելել է Արմեն Գրիգորյանը: