կարևոր
361 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-10 20:27

Ռուսաստանն առաջնային է համարում ԵԱՀԿ համանախագահների այցերի վերսկսումը տարածաշրջան

Ռուսաստանն առաջնային է համարում ԵԱՀԿ համանախագահների այցերի վերսկսումը տարածաշրջան

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է արցախյան հիմնախնդրի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերաբերյալ հարցին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն ունի, ինչպես որ նշված է ՌԴ ԱԳՆ-ի՝ ընթացիկ տարվա նոյեմբերի իննի հայտարարությունում: Կարևոր ենք համարում եռյակի գծով շարունակել ջանքերը նախևառաջ տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,-ասել է Զախարովան, և հիշեցրել, որ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

«Մենք կարևոր ենք համարում հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ այս տարածաշրջան այցելելու պրակտիկան»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջարկած «3+3» ձևաչափի վերաբերյալ հարցին։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը սատարում է այդ առաջարկը։ Նրա խոսքով՝ ժամանակն է, որ դրա գործարկմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչվեն։

«Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա Թբիլիսիից լսում ենք իրարամերժ հայտարարություններ՝ այս խորհրդատվական մեխանիզմում մասնակցության առնչությամբ: Բայց դա ինքնիշխան պետության դիրքորոշումն է: Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- եզրափակել է Զախարովան։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։