կարևոր
457 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-10 18:05

Վերաքննիչ վարչական եւ Վճռաբեկ դատարանների բեռնաթափմանն ուղղված նախագիծը մերժվել է

Վերաքննիչ վարչական եւ Վճռաբեկ դատարանների բեռնաթափմանն ուղղված նախագիծը մերժվել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հեղինակած՝ «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծով առաջարկվում է բեռնաթափել վարչական դատարանի ծանրաբեռված աշխատանքը։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պատգամավորը նշեց, որ կարգավորման տիրույթում վարչական մարմինների կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված տուգանքների որոշումներն են․

«Տուգանքները հաճախ վերածվում են ինքնանպատակ գործունեության, որովհետեւ դրանց մի ստվար զանգված հետագայում վարչական դատարանում բողոքների քննության արդյունքում ճանաչվում է անվավեր։ Երբ վարչական մարմինը ստանում է այդ որոշումը, մեծ անհանդուրժողականություն է ցուցաբերում եւ դիմում վերադաս դատարան՝ այդ թվում 5 կամ 10 000 դրամ տուգանքների գործերով։

Այն ռեսուրսը, որը ծախսվում է նման բողոքները քննելու վրա, արդարացված չէ։ Վերաքննության եւ վճռաբեկության իրավունքը մարդունն է, իսկ վարչական մարմինն ունի լիազորություններ։

Առաջարկում ենք, որ վարչական մարմինը միայն մեկ դատական ատյանով ունենա հարցի դիտարկման հնարավորություն։ 500 000 դրամը գերազանցվելու դեպքում միայն կարող են օգտվել վերաքննության եւ վճռաբեկության իրավունքից։ Եկեք փոխենք այս մշակույթը, բարձրացնենք վարչարարության որակը եւ բեռնաթափենք վարչական դատարանը»։

Պատգամավորներն անդրադարձել են նախագծով առաջարկվող կարգավորման վիճահարույց հանգամանքներին: Վարդևանյանի խոսքով՝ այս առաջարկով դատարանները բեռնաթափելու նպատակադրումն իրականություն չի դառնալու, կարգավորումը կարող է նոր չարաշահումների հիմք դառնալ:

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծիք հայտնեց, որ խնդիրն իսկապես կա, բայց առաջարկվող լուծումն իրականում դրա հետ առնչություն չունի։ Նա առաջարկեց այս տեսքով նախագծի քննարկումը հետաձգել։

Հարակից զեկույցում Արթուր Դավթյանն առաջարկել է դեմ քվեարկել նախագծին: Պատգամավորի համոզմամբ՝ տուգանքի չափի սահմանված շեմը պետք է հիմնավորված լինի: Ըստ նրա՝ Վճռաբեկ դատարանը կզրկվի սահմանված գումարի չափով հայցերով օրենսդրության միատեսակ կիրառության հնարավորությունից: Ներկայացնելով Կառավարության տեսակետը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ գործադիրը նախագծում եռաստիճան դատական համակարգի որոշակի դեֆորմացիայի ռիսկ է տեսնում: 

Արդյունքում, օրինագիծը ստացել է հանձնաժողովի բացասական եզրակացությունը: