ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների Հայաստանի մասին հայտարարությանը՝ այն համարել է զարմանալի ու անհասկանալի:
«Նախորդ անգամ համազեկուցողները ժողովրդավարության զեկույցի պատրաստման ընթացքում հարկ չէին համարել հանդիպել ընդդիմադիր ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ՝ ոչ խորհրդարանական, ոչ էլ արտախորհրդարանական: Այս անգամ հանդիպումների ընթացքում ես ու ընդդիմադիր մյուս գործիչները բարձրաձայնել ենք լուրջ խնդիրներ։ Ուստի, փաստել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն ավարտվել է, զսպումների ու հակակշռումների մեխանիզմներն աշխատում են մի երկրում, որտեղ ողջ իշխանությունը կենտրոնացած է կապիտուլյանտի ձեռքում, անհասկանալի է ու զարմանալի»:
Հայաստանում՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված լինելու ձեւակերպման մասով էլ նկատում է. «Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, այն կամայականությունները, որ իրականացնում են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ընդդիմադիր պատգամավորներին ուժով դահլիճից դուրս բերելու հետ կապված, սրանցից ոչ մեկն արտացոլված չէ այս հայտարարության մեջ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի զեկույցը, եթե այն լինի, որովհետեւ այն կարող է կազմվել, կարող է չկազմվել։ Բայց եթե զեկույցը լինի այս հայտարարության ոճի մեջ, ապա այն բացարձակ ոչ մի աղերս չի ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի գնահատականների հետ»:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը, ամփոփելով 2021թ. նոյեմբերի 3-5-ը Հայաստան կատարած իրենց այցի արդյունքները, հայտարարություն են տարածել: Ըստ համանախագահների՝ Հայաստանը հաղթահարել է պատերազմի հետևանքով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամը՞ «Ճգնաժամը լուծվել է ժողովրդավարական ձևով կազմակերպված արտահերթ ընտրություններով՝ չնայած խիստ բևեռացված միջավայրին», – ասել են նրանք:
Համազեկուցողները հաստատել են, որ Հայաստանում բնակչության և իշխանությունների վստահությունը դատական համակարգի նկատմամբ ցածր է։ Հետևաբար, նրանց կարծիքով, եթե դատական համակարգի բարեփոխումը անհրաժեշտ է, ապա այն պետք է կատարվի եվրոպական չափանիշներին համապատասխան:
Հայտարարությամբ նրանք փաստել են ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի աճը, բայցև դրանով բացատրել իշխանության ցանկությունը՝ վիրավորանքի համար տուգանքների ավելացմամբ կամ «ծանր վիրավորանքները» քրեականացնելու միջոցով: «Այնուամենայնիվ, կան նաև այլ գործիքներ, քան բացառապես կանխարգելիչ պատժամիջոցները, և մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին մշակել համապարփակ միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, որը կանդրադառնա լրատվամիջոցների սեփականության թափանցիկության, լրատվամիջոցների հնարավոր կենտրոնացման, լրագրողների կասկածելի կարգավիճակին և ինքնակարգավորման մեխանիզմներին, քանի որ այս խնդիրներն ուղղակիորեն կապված են լրատվամիջոցների ոլորտում ատելության խոսքի տարածման հետ»։
«Մեր այցը սահմանամերձ Երասխ մեզ հիշեցրեց, որ խաղաղության համապարփակ համաձայնագրի բացակայության պայմաններում անապահովությունը պահպանվում է, իսկ դրա գինը վճարում են խաղաղ բնակիչները: Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացել է դժվարին համատեքստում շարունակել առաջընթացը ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ճանապարհով, և դա ողջունելի է»,- եզրափակել են համազեկուցողները: