կարևոր
1039 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-10 22:17

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է Սև լճի տարածքում տեղի ունեցածը

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է Սև լճի տարածքում տեղի ունեցածը

Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։

Այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է։ Ավելին՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Նշենք, որ նախօրեին Սև լճի տարածքում իրավիճակը լարվել է։ Թշնամին կրկին փորձել է ամրանալ, ինչը կանխել են հայ զինծառայողները։ Այս տեղեկությունը հաստատել էր Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։ Ադրբեջանցիներն անցել են սադրանքների, իրավիճակը լարվել է՝ սկսվել հայհոյանքից, ավարտվել կրակոցներով։