կարևոր
409 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-10 15:28

Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները եղել են թիրախային. Մարդու իրավունքների պաշտպան

Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները եղել են թիրախային. Մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանական երեկվա կրակոցներն Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները: Ահազանգում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Կրակոցների պահին համայնքի բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողներն էլ գիտակցել են, որ խաղաղ բնակիչը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս ահազանգերը փաստահավաք աշխատանքներով ստուգվել և հաստատվել են (կից՝ վնասված տրակտորի լուսանկարները):

Կրակոցներն արձակվել են ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ, տեղի են ունեցել 2021թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ուղղված է ՀՀ խաղաղ բնակիչների արժանապատվության, կյանքի ու սեփականության իրավունքի դեմ, խաթարում է մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Հայաստանի բնակիչների իրավունքներն անընդհատ խախտող ադրբեջանական արարքների գլխավոր պատճառներից են անպատժելիությունը, ինչպես նաև պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը:

Այս հաղորդումը կներառվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու կուղարկվի միջազգային կառույցներին»: