կարևոր
373 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-10 14:46

Փարիզում նախարարները կքննարկեն համատեղ ջանքերը՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ

Փարիզում նախարարները կքննարկեն համատեղ ջանքերը՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ

Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակներում Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորեն Պարլին կհյուրընկալեն իրենց ռուս գործընկերներին՝ նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական ու ռազմական ասպեկտները, «հատկապես՝ կապված Ուկրաինայի իրավիճակի և Սահել-Սահարայի տարածաշրջանի հետ, և Ֆրանսիան կհայտնի իր մտահոգությունը Ռուսաստանի գործողությունների առնչությամբ»։

Քննարկումներ կլինեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի աշխատանքի, նաև Համատեղ համապարփակ համաձայնագրի` JCPOA-ի դրույթների կատարման վերաբերյալ Իրանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսման թեմայի շուրջ։ Այլ թեմաները ներառում են տարածաշրջանային անվտանգության խնդիրները Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և Հնդիկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս կմեկնի Փարիզ: