կարևոր
481 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-10 12:51

10 երեխա է հիվանդանոց տեղափոխվել թունավորման ախտանիշով

10 երեխա է հիվանդանոց տեղափոխվել թունավորման ախտանիշով

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 2 երեխա: Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան:

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ երեկ երեկոյան, արագ արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում:

Վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը:

Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

«Կենտրոնն այժմ չի գործում, զննություն է ընթանում, որպեսզի պարզվի, թե կոնկրետ որ սնունդից են թունավորվել երեխաները»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի աշխատակիցներից մեկը՝ վստահեցնելով, որ երեխաներն արդեն լավ են և դուրս են գրվում հիվանդանոցից։

ԵՊԲՀ-ի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը նույնպես ասաց, որ երեխաներն արդեն լավ են և դուրս են գրվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սննդային թունավորման կասկածով «Մուրացան» հիվանդանոց էր ընդունվել 8 երեխա: