կարևոր
337 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-09 21:10

Պատերազմից մեկ տարի անց պաշտոնական հայտարարությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի դեմ 44-օրյա պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է խախտել ստանձնած պարտավորությունները. փաստում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ թվելով՝ Բաքուն պատանդառության մեջ է պահում բազմաթիվ հայ գերիների, պարբերաբար խախտում է կրակի դադարեցման ռեժիմը՝ հանգեցնելով մարդկային ու նյութական կորուստների, շարունակում է Արցախի բռնազավթած տարածքներում էթնիկ զտումները, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը:

Միտումնավոր խեղաթյուրելով եւ կամայականորեն մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ դրույթները՝ Ադրբեջանը շրջանառում է, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարը եւ սպառնում ուժի կիրառմամբ, ինչը ոչ միայն հակասում է նշված հայտարարությունների տառին եւ ոգուն, այլեւ միտված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի խաթարմանը:

Արցախի արտգործնախարարությունը, իր հերթին, վերահաստատում է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ադրբեջանա-Արցախյան հակամարտության համապարփակ կարգավորման եւ տարածաշրջանում կայուն ու տեւական խաղաղության հաստատման անկյունաքարը Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն է եւ այն տարածքների դեօկուպացիան, որոնց վրա արցախահայությունն ինքնորոշվել է, ստեղծել անկախ պետականություն եւ զարգացրել այն:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, իրագործվում են, Երեւանն ու Բաքուն էլ պահպանում են հանձնառությունը դրույթների հետագա իրագործմանը:
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր, ընդհանուր առմամբ, 122 ռազմագերի եւ պահվող անձ է վերադարձվել: Նրանցից Հայաստան է վերադարձել 105-ը, Ադրբեջան՝ 17-ը: Իր հերթին, ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատման քարտեզների 3 փաթեթ: Շարունակում ենք ջանքեր գործադրել առկա հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Բաքվի եւ Երեւանի հետ շփմանը, Մոսկվան այն իրականացնում է տարբեր մակարդակներով եւ բացառապես պարբերական հիմքով: Ինչ վերաբերում է եռակողմ շփմանը, եթե նման պայմանավորվածություն լինի, մենք ձեզ տեղյակ կպահենք: Ներկա պահին որեւէ հստակ բան չկա:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարելիցին Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հորդորում է Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել ու առավել մեծ ջանքեր գործադրել՝Արցախի Հանրապետության հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող դեռեւս չլուծված հարցերին համապարփակ լուծումներ գտնելու համար:

Կոչ ենք անում վերադարձնել պահվող բոլոր անձանց, լիարժեք հաշվետու լինել անհետ կորածների համար, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ, իրականացնել ընդգրկուն հումանիտար ականազերծում հակամարտությունից տուժած շրջաններում, ապահովել հասանելիություն միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար, նաեւ հետաքննել մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները:

Ի դեպ, թե՛ ԱՄՆ պետքարտուղարությունը, թե՛ Ռուսաստանի արտգործնախարարությունը կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում աշխատանքների շարունակումը: Եվ Եվրամիությունից նույնպես արձագանքում են: Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթել է՝ մնացած խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն՝ դեպի համապարփակ եւ կայուն խաղաղություն: Իսկ մինչ այդ, Արցախի բռնազավթված տարածքներից Ադրբեջանի առաջին դեմքի մակարդակով շարունակում են հնչել հայատյաց հայտարարություններ եւ ուժի կիրառման սպառնալիքներ:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։