կարևոր
622 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-09 20:48

Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցերում փորձել են հավաքագրել արցախցու անհատական տվյալները

Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցերում փորձել են հավաքագրել արցախցու անհատական տվյալները

Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել ԱՀ ԱԱԾ-ն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ դատախազությունը։

«Ինչպես նախկինում արդեն հաղորդվել էր, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները: 

Երեկ ԱՀ դատախազություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին:

Հիշյալ հաղորդումը ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին անգամ խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը»,-ասված է հաղորդագրության մեջ: