կարևոր
1705 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-09 20:43

Հայ դատի համաշխարհային ցանցի համար փակ դռներ չկան. Գևորգ Ղուկասյան

Հայ դատի համաշխարհային ցանցի համար փակ դռներ չկան. Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է.

«Հայ դատի համաշխարհային ցանցի համար փակ դռներ չկան: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն առաջին ընթերցմամբ անցավ միաձայն։

Բանաձևի երկրորդ ընթերցումը նախատեսված է հաջորդ տարվա մարտի 22ին։

Այս կարևոր ձեռքբերման համար պետք է արժանին մատուցել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբին, հայ համայնքին և իհարկե բանաձևի հեղինակ Թիմ Լոութոնին»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում կայացավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը։ Օրինագիծը ներկայացրել է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը: Նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը:

Օրինագիծն ունի հիմնական երեք դրույթներ․ առաջին՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ․ ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։