Նոյեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ, որը վարում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը:
Օրակարգում մեկ հարցի քննարկում էր՝ «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» ԱՀ ԱԺ հայտարարությունը:
Նախքան օրակարգային հարցին անցնելը ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձ կատարեց օրվա տարելիցի առիթով՝ ընդգծելով արցախյան 3 պատերազմներում Ադրբեջանի ցուցաբերած վայրագ ու նենգ նպատակներն ու հայրենիքի նվիրյալների անուրանալի սխրանքն ու նրանց թողած պատգամը. «Նրանց բոլորի թողած պատգամը թերևս մեկն է՝ ապրել, արարել, հզորանալ, այս հողի վրա: Ուստի պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի հավերժ ապրի նաև մեր հերոսների անունն ու գործը»:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը:
Իր խոսքում խորհրդարանի ղեկավարը դատապարտեց նախօրեին՝ նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմի հերթական սադրիչ և հանցավոր գործողությունը՝ ուղղված խաղաղ բնակչությանը:
Խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հրավիրվել էր ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: