կարևոր
427 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-09 12:39

Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին ԱՀ Ազգային ժողովի հայտարարությունը

Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին ԱՀ Ազգային ժողովի հայտարարությունը

Ընդունվել է 2021թ.-ի նոյեմբերի 9-ին


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼՈՒ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ 

2020 թվականի աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ագրեսիա է  իրականացրել Արցախի Հանրապետության հանդեպ և 44 օր տևած պատերազմի արդյունքում բռնազավթել է  հանրապետության տարածքի մեծ մասը:

Իր պատմական հայրենիքից Արցախի բնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր ընտանիքներ են ունեզրկվել և հայրենազրկվել, ոչնչացվել ու պղծվել են ազգային-մշակութային և քրիստոնեական հարյուրավոր հուշարձաններ ու կոթողներ:

Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի դաշնության նախագահի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարով կասեցվել է արյունահեղությունը: Այդուհանդերձ, մեր խորին համոզմամբ, Արցախի ժողովրդին ֆիզիկական անվտանգության սպառնալիքը կարող է կանխվել, և տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, գերևարված մեր հայրենակիցների և բռնի տեղահանվածներին հայրենի օջախներ վերադարձնելու, ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, անհետաձգելի քայլեր ձեռնարկել Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու և հիմնախնդրի համապարփակ լուծումն ապահովելու նպատակով:

Ոգեկոչելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացների օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական նորմերին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, վերահաստաում է՝ ազատ ու անկախ Արցախը պահպանելու 1988 թվականին ստանձնած հանձնառությունը և Արցախի Հանրապետության ժողովուրդի վճռականությունը՝ հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իր իրավունքը պաշտպանելու գործում:

ք. Ստեփանակերտ

9  նոյեմբերի 2021