Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Գռզո» մականունով հայտնի իշխանական գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, որը մեղադրվում է զինված խուլիգանություն կատարելու մեջ։
«Փաստինֆո»-ն հայտնել է, որ այն եղել է պարգեւատրված զենք՝ Արցախի նախագահ կողմից։ Թե այդ ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգեւատրվել Գռզոյի եղբորը պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երեւանի կենտրոնում՝ ռազբորկայի ժամանակ։
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայց փաստացի նա կալանքի տակ չի գտնվում արդեն շուրջ երկու ամիս։ Քրեական գործող մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին։ Նկատենք, որ սույն քրեական գործով տուժող կողմը ԱՄՆ քաղաքացիներ են եւ գործի նկատմամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, թերեւս դա էլ հաշվի առնելով իշխանությունները որոշել էին Գռզոյի եղբորը ձեւականորեն կալանավորելու որոշում կայացնել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրը արգելանքի տակ չէր գտնվում, վերջինս իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։
Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել և փոխել Գռզոյի եղբոր մեղադրանքի նկարագրությունը՝ նշելով, թե իբրև վերջինս դեպքի վայրում հայտնվել է պատահաբար, սակայն զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածը չի վերաորակել։ Նախաքննության ավարտից առաջ վարույթն իրականացնող մարմինը դադարեցրել է մեղադրյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը։
Հիշեցնենք, որ Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռոբերտ Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը ավելի քան 100 հազար դոլար), ինչը վճարելուց հետո Սուքիասյանն ազատ է արձակվել։