կարևոր
1960 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 23:07

Պուտին-Փաշինյան-Ալիև տեսակոնֆերանսի օրը հստակեցված չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ե՞րբ կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հերթական հանդիպումը. մամուլում շրջանառվող ամսաթիվը՝ նոյեմբերի 9-ը, առայժմ չի հաստատվում: Կիրակի երեկոյան Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքսին» հայտնեց, որ երեք երկրի ղեկավարների հանդիպումը նախատեսված է անցկացնել տեսակոնֆերանսի ձեւաչափով եկող շաբաթ, այսինքն արդեն այս շաբաթ: Պեսկովի հայտարարությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հերքեց տեղեկությունը:

Այսօր Կրեմլի խոսնակը ստիպված եղավ հանդես գալ պարզաբանող հայտարարությամբ:

«Պարզաբանեմ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինայնի՝ տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման թեման: Մենք իսկապես հաստատում ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպում նախապատրաստելու ուղղությամբ: Բայց այստեղ ցանկանում ենք նշել, որ առայժմ չկան հստակ պայմանավորվածություններ եւ փոխըմբռնումներ այն մասին, թե երբ նման տեսակոնֆերանս կարող է կայանալ. այդ աշխատանքը շարունակվում է»:

Նոյեմբերի 9-ին եռակողմ հնարավոր հանդիպման մասին դեռ 2 շաբաթ առաջ հայտնել էր «Ալիք մեդիան»՝ պնդելով, թե Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Հանդիպման մասին գրել էր նաեւ ռուսական մեդիան, իսկ Հայաստանի արտգործնախարարությունը հերքել էր: Նոյեմբերի 9-ը 2020-ի կապիտուլիացոն հայտարարության ստորագրման, նաեւ Ադրբեջանի դրոշի օրն է:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: