կարևոր
2293 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 21:50

Մամ, հիշի՛ր, ինչ էլ լինի, դու գլուխդ բարձր ես քայլելու. հերոսներն ուզում էին այլ բան՝ կիսատ չթողնել իրենց գործը. զոհված հերոսի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մամ, հիշի՛ր, ինչ էլ լինի, դու գլուխդ բարձր ես քայլելու. այս խոսքերն էր գրել հերոսը իր մայրիկին: Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ Արման Օհանջանյանի մայրն ընթերցեց որդու նամակի մի հատվածը:

Ուսուցչուհի Ելիզավետա Բուդաղյանն Արցախում կռվող որդուն խնդրել էր հանկարծ գերի չընկնել և որպես պատասխան ստացել. «Մայր իմ, հանգստ եղի՛ր, ես այն աշխարհ ինձ հետ կտանեմ բազմաթիվ թուրքեր, դրա համար հատուկ նռնակ եմ պահում»։

Ելիզավետան դիմեց հերոսածին ծնողներին՝ գլուխները բարձր պահել, հավելեց, որ թշնամին ուզում է, որ խեղճանան ու կոտրվեն, բայց հերոսներն ուզում էին այլ բան՝ կիսատ չթողնել իրենց գործը։

«Մենք հավաքվել ենք, որ միասին ասենք, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել, չի լինի միջանցք, որ նվիրելու են թշնամուն, Հայաստանը չի թրքացվելու։ Մեր տղերքը կռվել են, իրենց երկնային կյանքը տվել, որ արժանապատիվ ապրենք, Արցախը պահենք, Հայաստանն ուժեղ պետություն դարձնենք, իսկ այսօր Հայաստանի ղեկավարությունը խեղճի դիքրերից է հանդես գալիս։

Կամավոր մարտի դաշտում հայտնված իմ Արմանը դեռ հոկտեմբերի սկզբներին համոզված ասում էր. «Մամ, իմացիր, այս հողերը, մեր կյանքերն էլ հետը, իշխանությունները նվիրել են Ադրբեջանին։ Իմ 23 տարեկան Արմանը, որ արդեն հասցրել էր ամուսնանալ ու մի հրաշք տղա ունենալ, կամավոր մեկնեց, ինչպես ինքն էր ասում, որ իր տղան հարկադրված չլինի գնալ պատերազմ»,-հայտարարեց տիկին Ելիզավետան։

Տիկին Ելիզավետան հիշեց այն օրերը, երբ շատ կամավորներ զինկոմիսարիատներ են դիմել ու մերժում ստացել։ Հասկացել է, որ մարտի դաշտում փորձ ունեցողներին թույլ չեն տվել Արցախ մտնել։

«Իմ որդին հասցրեց գնալ ու հասցրեց տեսնել նահանջ հրամանի հետևանքները, դավաճանությունները։ Արմանս զոհվեց արտաքին ու ներքին թշնամիների պատճառով։ Նրանց կատարած ամեն քայլի համար փաստորեն մենք ենք պատասխան տալիս, մենք՝ հերոսածին ծնողներս։

«Նյուրնբերգյան դատավարություն պետք է լինի։ Ադրբեջանի կազմում Արցախ չի լինելու, աշխարհին պետք է ներկայանալ հայրենասերի դեմքով։ Որդիս զոհվելուց առաջ տեսագրություն էր արել, որը ինձ համար դարձավ ապրելու նոր իմաստ։ Նա ասում էր «Սաղ լավա լինելու, հաստատ լավ է լինելու»»,-խոսքը եզրափակեց տիկին Ելիզավետան։

Մանրամասները՝ տեսանյութում: