կարևոր
3070 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 21:14

Պայքարելու ենք, և վստահ եղեք՝ սրանց մենք վռնդելու ենք. այդ պայքարում ես ձեր կողքին, ձեր առաջ կանգնած եմ լինելու. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Այս մասին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները ձախողեցին բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեցին տարածքային ամբողջականության դաշտ և հրահրեցին պատերազմ։

«Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմում պարտվելու համար։ Գիտակցաբար, թե ոչ, այլևս կարևոր չէ։ Իր սխալ քայլերով, հիմարություններով։ Մեր պարտությունը շատ ավելի շուտ է սկսվել։ Դա ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ երբ սկսեցին հետապնդել հերոսներին, երբ սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում։ Նրանց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, այլ պետք էր իրենց հավատարիմ բանակ։ Երբեք ոչ մի բանակ, որը հավատրիմ է մեկ մարդու, չի կարող մարտունակ լինել»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նշեց՝ 44 օրվա ընթացքում մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ։ Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել։ Ոչ մի երկիր չի դատապարտել ագրեսիան սկսող պետությանը։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այսպիսի բան չի եղել։ 

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, թե ինչեր է խոստացել այս իշխանությունը՝ իշխանության գալուց. «Այն, ինչ կատարվեց երկրի, Ղարաբաղի հետ, կատարվեց մի իշխանության, մի քաղաքական խմբակի կողմից, որը իշխանության գալուց խոստացել էր՝ թռիչքաձև տնտեսական աճ, անզիջում պայքար մենաշնորհների և օլիգարխիայի դեմ, բարգավաճում, ներդրումներ, ներգաղթ»։

Այնուհետև նա նշեց,  թե ինչ է ստացել ժողովուրդն այդ խոստումների դիմաց՝  գների թռիչքաձև աճ, նոր մենաշնորհների ձևավորում, նոր օլիգարխիաների կայացում, աղքատության թռիչքաձև աճ, արտագաղթի թռիչքաձև աճ։

«Խոստացել են կոռուպցիայի և թալանի դեմ պայքար։ Այսօր թալանի առաջատարներն են։ Այսօր մտել են ձեր բոլորի գրպանը, փող են աշխատում, փող են դիզում գնաճի, կորոնավիրուսի, հիվանդների, մահերի վրա, ամեն ինչի վրա, քերթում են, ինչ հնարավոր է քերթել, Ղարաբաղում ասում են՝ ձվից մազ են խուզում։ Այդ աստիճանի են խրվել ժողովրդի թալանի գործում։

Արդյոք մենք պատրա՞ստ ենք այս ամենը հանդուրժել։ Արդյոք մենք պատրա՞ստ ենք ընդունել, որ Հայաստանում թռիչքաձև աճ է ունենում զոհերի, մահերի, գերեզմանների թիվը, աղքատությունը։ Չենք կարող հանդուրժել»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Մենք բոլորս պետք է միավորվենք, պետք է այս դիմադրության շարժմանն ուժ հաղորդենք՝ ամեն մեկն իր հնարավորությունների չափով։ Սա շատ երկար չի տևելու։ Շաբաթների, ամիսների հարց է լինելու։ Ամեն ինչ կախված է ձեզանից, այս հրապարակում կանգնած Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուց»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Պայքարելու ենք։ Վստահ եղեք՝ մենք սրանց վռնդելու ենք կամ բարիկադներվ, կամ ընտրություններով, յուրաքանչյուր ճանապարհով։ Եվ այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջ կանգնած եմ լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում: