Հայտարարություն
Հիմք ընդունելով հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայաստանի անկախության եւ ԼՂՀ հռչակման մասին հռչակագրերը, վերահաստատելով Հայաստանի եւ հայ ժողովրդի անքակտելի իրավունքներն ու կենսական շահերը պաշտպանելու հանձնառությունը՝
Նկատի ունենալով, որ
- Այս իշխանությունն աղետաբեր է Հայաստանի, Արցախի ու հայության համար,
- Պարտության խորհրդանիշ ուժը չի կարող խաղաղություն, արժանապատվություն, զարգացում ապահովել,
- Իշխանությունը պահելու համար իշխող ուժը պատրաստ է գնալ նորանոր զիջումների եւ ինշնիշխանության կորստի,
Հաշվի առնելով
- Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետեւանքով տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերները,
- Քաղաքական-տնտեսական էքսպանսիա իրականացնելով՝ տարածաշրջանում հաստատվելու՝ Թուրքիայի նկրտումները,
- 44-օրյա պատերազմի արդյունքներից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը, այն է՝ Արցախի հայաթափումն ու Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունները բավարարելը,
- Արցախյան հակամարտության էության եւ ձեւաչափի միջազգային ընկալումից, խաղաղ կարգավորման գործընթացի հիմնարար սկզբունքներից Ադրբեջանի հրաժարումը,
- ՌԴ խաղաղապահ առաքելությունը սահմանափակելու եւ պատերազմ վերսկսելու՝ Ադրբեջանի փորձերը,
Արձանագրելով, որ
- Հայաստանում հաստատվել է մեկ մարդու իշխանություն, պետական ինստիտուտները կազմալուծված են,
- Ուժային կառույցները ծառայեցվում են իշխանությունը պահելու միակ նպատակին,
- Հայաստանն այլեւս իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն չէ,
Համոզված լինելով, որ
- Հայաստանի եւ հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,
- Հայաստանի՝ որպես ազգային եւ ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության եւ սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է,
- Հայաստանի եւ Արցախի գոյության ու անվտանգության հիմնահարցերը փոխկապակցված են,
- Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման, կայուն խաղաղության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի՝ որեւէ կարգավիճակով ամրագրումը,
- Անհրաժեշտ է վերականգնել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը երաշխավորելու՝ Հայաստանի հանձնառությունը,
- Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որեւէ անձ, Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով, չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որեւէ փաստաթուղթ։
Հանրահավաքը հայտարարում է.
- Արտաքին վտանգները չեզոքացնելու, Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը բացառելու, ներքին կյանքում համերաշխություն հաստատելու, հայությունը համախմբելու նպատակով մենք սկզբնավորում ենք համազգային դիմադրություն՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։
- Նպատակն անփոփոխ է՝ հեռացնել պարտության խորհրդանիշ ուժին, վերականգնել Հայասատանի ինքնիշխանությունն ու հայ մարդու արժանապատվությունը։
- Սա մեկ ուժի, մեկ դաշինքի դիմադրություն չէ, յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու գործն է։
- Մինչև հաղթանակը՝ այս պայքարը կարող է մեկ շաբաթ կամ ամիսներ տևել։ Սա ենթադրում է յուրաքանչյուրիս հետևողական, ամենօրյա աշխատանք եւ գործողություն։
- Մենք սկսում ենք կազմակերպվել։ Մեր ներկայությունն Ազգային ժողովում ծառայելու է դիմադրության հզորացմանը։ Պահը հասունացավ՝ պայքարը կտեղափոխենք միայն փողոցներ ու հրապարակներ։
- Պարտության խրհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։ Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թրքացվելու։
- Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդն ապրելու է արդար, ուժեղ երկրում։ Հայ մարդն աշխարհում քայլելու է գլուխը բարձր։
«Հայաստան» դաշինք
08 նոյեմբերի 2021 թ․