կարևոր
385 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-08 17:52

Արցախյան պատերազմի մասնակից բժիշկ Նորայր Շահբազյանի մահվան տարելիցն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Եթե հասցրել ես գոնե մի մարդու կյանք փրկել, ուրեմն կյանքդ կայացած է»: Բժիշկ Նորայր Շահբազյանի խոսքերն են: Նա հասցրեց բազմաթիվ կյանքեր փրկել: Բժիշկ լինելը Շահբազյանի կոչումն էր. անուն-հայրանունով չէին դիմում նրան՝ Դոկտոր էին ասում:

Արցախյան առաջին պատերազմին Դոկտորը Հադրութի շրջանում 9 գյուղ էր սպասարկում, իսկ գյուղերը միայն հայաբնակ չէին. այնպես որ, ռազմի դաշտում մարտիկ էր, իսկ արդեն թիկունքում՝ հիպոկրատի հետեւորդ. պատմում էր, որ թուրքերի կյանքն էլ է փրկել:

Սրտաբան բժիշկը ռազմի դաշտում մոռացել էր իր նեղ մասնագիտացման մասին. բազմաթիվ վիրահատություններ է արել, նույնիսկ ծնունդ ընդունել: Այդ օրերը համարել է իր կյանքի լավագույնները, քանի որ գիտակցել է, թե որքան է պետք ուրիշներին:

Արցախյան առաջին պատերազմում մի ձեռքում բժշկական գործիքներն էին, մյուսում՝ զենքը: Այդ տարիները հիշելիս բժիշկն ասում էր՝ պարտավոր ենք ուժեղ լինել, որ որեւէ մեկն այլեւս չհամարձակվի պատերազմ հայտարարել մեզ, որ ոչ մի հայ զինվոր այլեւս նույնիսկ չվիրավորվի:

Բայց պատերազմ տեսած բժիշկը տարիներ անց ստիպված եղավ նորից վերադառնալ ռազմաճակատ: 2016-ի ապրիլին, իր հարյուրավոր զինակիցների հետ Դաշնակցության կամավորական ջոկատների կազմում առաջիններից էր, որ շտապեց Արցախ: Հյուսիսային՝ ամենավտանգված դիրքերում մնաց նույնիսկ, երբ արդեն հրադադար էր: Պատերազմ չտեսնելու՝ Դոկտորի երզանք այս անգամ էլ անկատար մնաց:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին դաշնակցական կամավորական վաշտերի կազմում միացավ մարտակոչին։ Վատառողջ, կոտրված ոտքով, բայց գիշերն արդեն առաջնագծում էր ու նորից ձեռքին զենքն ու բժշկական գործիքները։ Դոկտորի ատելի պատերազմը չկարողացավ խլել նրա կյանքը: Դա արեց նախորդ տարվա մյուս չարիքը՝ համավարակը: Երեկ բժիշկ Նորայր Շահբազյանի մահվան տարելիցն էր:

Մանրամասները՝ տեսանյութում: