կարևոր
679 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-07 16:30

Սյունիքում անվտանգ չէ ուսուցիչը, դպրոցները փակման վտանգի տակ են. Աննա Գրիգորյան

Սյունիքում անվտանգային մթնոլորտը ստիպում է ենթադրել, որ սահմանամերձ բնակավայրերը կմարդաթափվեն, և, առհասարակ, դպրոց այդպիսին կարող է չլինել։ Այս մասին «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Սյունիքում սահմանամերձ բնակվայրերում կրթության մասին խոսելուց առաջ նախ և առաջ պետք է խոսել այն մասին, որ այդ բնակավայրերը պետք է ապահով լինեն: «Եթե մինչև դեկտեմբերի 17-ը ադրբեջանցիները տասնյակ կիլոմետրեր հեռու էին գտնվում, ապա այսօր 150-200 մետր հեռավորության վրա կանգնած է ադրբեջանցի զինվորը։ Այս մթնոլորտում խոսել այն մասին, թե կրթական համակարգում ինչպիսի բարեփոխումներ պետք է արվեն, այնքան էլ լուրջ չէ, որովհետև նախ անվտանգային խնդիրները պետք է լուծել»,-նշեց պատգամավորը։

Նրա խոսքով կան ուսուցիչներ, որոնք քաղաքից գյուղական տարբեր բնակավայրեր են գնում, oրինակ` Որոտանում դասավանդելու համար ուսուցիչը Գորիսից է գնում։

«Պատկերացրեք այն իրավիճակը, որ ուսուցիչը ստիպված է ամեն օր ապրել` անցնելով ադրբեջանցիների կողքով։ Ուսուցիչն ամեն օր այդ ճանապարհն անցնում է ռուս սահմանապահի ուղեկցությամբ, անցնում է ադրբեջանցիների մանրազննին հայացքի ներքո»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Աննա Գրիգորյանը հիշեցերեց, որ 2018 թվականի իշխանափոխությանը ակտիվ ներգրավված էին երիտասարդները․ «Աշակերտները մասնակցում էին, որ ավելի լավ ապագա ունենան, և երբ այսօր այս իշխանության ներկայացուցիչները ասում են՝ ապագա կա, այդ ապագան այն երիտասարադներինն էր, որոնք մասնակցում էին 2018-ին, բայց այսօր ցավոք Եռաբլուրում են։ Ապագան նրանցն էր»։