«Սա խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի հրավիրած առաջին հանրահավաքն է և բնական է, որ դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ներկա է լինելու հանրահավաքին, այլ նաև ընդգրկուն ելույթով է հանդես գալու՝ անդրադառնալով կուտակված հարցերին»,-նշում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրեն զարմացնում է հանրահավաքին՝ նախագահ Քոչարյանի մասնակցության և ելույթի մասին տրվելիք հարցերը. ոչ իրենց դաշինքի նպատակներն են փոխվել, ոչ էլ նախագահ Քոչարյանն է ետ կանգնել պայքարից՝ այն է օր առաջ ձերբազատվել այս իշխանություններից։
«Ընտրություններից հետո տարբեր գնահատականներ են հնչում մեր գործունեությանը, կան տեսակետներ, թե մենք միայն խորհրդարանական պայքարով ենք բավարարվել, մեր երկրի ճակատագիրը շարունակում է վտանգված մնալ, աշխարհաքաղաքական օղակը մեր շուրջ սեղմվում է, և այս պայմաններում, կարծում եմ, մեր երկրի ճակատագրով անհանգիստ քաղաքացիները վստահաբար նոյեմբերի 8-ի հանրահավաքում կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»,- հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 8-ին դրվելու է համահայկական դիմադրության մեկնարկը։