կարևոր
1597 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-06 20:49

2018-ին բուհերի կուսակցականացման դեմ պայքարողներ, խոստովանեք, որ միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը. Ռուբեն Մելքոնյան

2018-ին բուհերի կուսակցականացման դեմ պայքարողներ, խոստովանեք, որ միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը. Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն անդրադարձել է այսօր կայացած ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստին ր խորհրդի նախագահի ընտրությանը՝ ընդգծելով, որ 2021 թ.-ին ԵՊՀ քաղաքականացված և կուսակցականացված հոգաբարձուների խորհուրդը նախագահ է ընտրում ՔՊ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին:

«Մինչև 2018 թ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը: 2018-ին նրա անձի դեմ պայքարող այսօրվա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ անթույլատրելի էին համարում ԲՈւՀ-ի կուսակցականացումը և պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

2021 թ. ԵՊՀ քաղաքականացված և կուսակցականացված հոգաբարձուների խորհուրդը նախագահ է ընտրում ՔՊ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին:

2018-ին ԲՈւՀ-երի կուսակցականացման դեմ պայքարողներ, գիտությամբ զբաղվելու «անհագ ցանկություն» ունեցողներ, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ոտքերի տակ պառկելով բողոքի ակցիաներ անողներ, դուք պետք է խոստովանեք, որ.

1. 2018-ին այլ հայացքներ և պատկերացումներ ունեիք, որոնք հիմա գլխիվայր փոխվել են,

2. 2018-ին դուք միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը,

3. հիմա դուք այրվում եք բուռն ցանկությամբ պայքարելու այս վիճակի դեմ, սակայն ձեր ներկայիս կարգավիճակը և պաշտոնները, ցավոք, դա թույլ չեն տալիս:

Հ.Գ. Ինձ այս ամենի մեջ այլ հարց է հետաքրքրում. Ջորջ Օրուելը ժամանակին ականատե՞ս է եղել համանման վիճակի և գրել իր հանճարեղ ստեղծագործությունը` «Անասնաֆերման», թե՞ կանխատեսել է 21-րդ դարի սկզբի Հայաստանի վիճակը և ստեղծել համաշխարհային գրականության այդ զարդը...»:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին Խորհրդի նախագահ է ընտրվել իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: 

Ավելի վաղ Երևանի պետական համալսարանի դասախոս Մենուա Սողոմոնյանը տեղեկացրել էր, որ անօրինական է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը, եւ ընթացող նիստը, քանի որ դատարանը կասեցրել է ՀՀ կառավարության որոշման գործողությունը: