կարևոր
496 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-06 18:19

Մոսկվան պոպուլիզմ է որակել ԱՀ-ն ՀՀ-ից պոկելու ու ՀՀ-ն պրոտեկտորատ դարձնելու մասին խոսակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է՝ Մոսկվան չի հավակնում Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի: Գերատեսչության հայտարարության տեքստն, ի դեպ, հրապարակել է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, ու այն զարմանալիորեն չի տեղադրվել նախարարության պաշտոնական կայքում: Հայտարարությունն էականորեն տարբերվում է պատերազմից հետո արված ընդհանրական հայտարարություններից այն առումով, որ ռուսական կողմը փաստացի հերքում է իրեն վերագրված տարբեր մեղադրանքները, նաեւ վստահեցնում է՝ մինչ այս ու այսուհետ կայացվելիք որոշումներում Երեւանն ու Բաքուն ինքնիշխան են:

Եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցիալական ցանցերում եւ ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն առ այն, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին, իբր, «Արցախի Հանրապետությունն անջատելուն», Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանն էլ «պրոտեկտորատի» վերածելուն: Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, ծառայում են ակնհայտ արտաքին պատվերին ու իրականության հետ որեւէ կապ չունեն: Մոսկվայի նախաձեռնած եռակողմ բոլոր փաստաթղթերն ու մեխանիզմները կողմերին չեն պարտադրվել, այլ հիմնված են եղել շահերի հաստատված հավասարակշռության վրա, չափազանց հարգալից վերաբերմունք են նախատեսել Բաքվի ու Երեւանի ինքնիշխանության եւ շահերի նկատմամբ:

Ռուսական կողմի համար նորմալ է, որ մի շարք նախաձեռնություններ չի հաջողվել համաձայնեցնել: Իրենց բավարարում է թեկուզ այն, որ արդեն հաստատված համաձայնությունը, կարելի է ասել, անցել է փորձությունը ու Մոսկվայի գնահատմամբ արդյունավետ իրականացվում է գործնականում:

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում կարեւոր դրույթ է ամրագրված՝ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը: Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումն է դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութ, կիսվել հարուստ սահմանազատման փորձով այլ երկրների հետ:

Հայտարարությունից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ութ նիստերի արդյունքներով զեկույց է ներկայացվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության վերականգնման կոնկրետ երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը ու լրացուցիչ ներդրումներ կներգրավի: Այդ առումով Ռուսաստանի ու Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս: Այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող քննարկումների լույսի ներքո պակաս կարեւոր չէ, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող ու նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են: Տարածաշրջանի հաղորդակցությունների ու բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիների մասին նախօրեին Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը խոսել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է՝ կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները: Օվերչուկը նաեւ ասել է, որ ճանապարհների բոլոր տեսակի հսկողությունները պետք է իրականացվեն հավասարության հիմունքով, բայց չի հստակեցրել, թե դա ինչ է իրենից ենթադրում:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: