կարևոր
1951 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-06 17:08

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ռեկտորին կընտրեն դեկտեմբերին

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ռեկտորին կընտրեն դեկտեմբերին

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 1 նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝ ՀԽ նախագահի ընտրություն, քարտուղարի ընտրություն, ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխություն և ռեկտորի ընտրության նոր մրցույթի հայտարարում: 

Նախքան նիստի ներկայացված օրակարգի հաստատումը հնչեցին նոր հարցեր ներառելու վերաբերյալ առաջարկներ, որոնք քննարկման արդյունքում չընդունվեցին: Նախապես ներկայացված օրակարգը հաստատելուց հետո Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց նախագահի ընտրության հարցը, և առաջադրվեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի թեկնածությունը և ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Սուրեն Պապիկյանն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան, ապա սովորել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Աշխատանքային գործունեության ընթացքում եղել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ապա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ 2021 թ. օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց քարտուղարի ընտրության հարցը: Առաջադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունը և ընտրվեց ՀԽ քարտուղար:

Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ:

Ըստ այդմ՝ որոշվեց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մենուա Սողոմոնյանը ԵՊՀ-ում ընթացող հոգաբարձուների խորհրդի նիստը անվանել էր ապօրինի: