կարևոր
676 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-06 09:53

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին շնորհել է Human Rights Champion պատվավոր մրցանակը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին շնորհել է Human Rights Champion պատվավոր մրցանակը

Հայ դատի հանձնախմբի Արևմտյան Ամերիկայի հանձնախումբը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին շնորհել է Human Rights Champion պատվավոր մրցանակը՝ «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ-ը:

«Բոլոր ջանքերի թիկունքում եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների սրտացավ ու հայրենանվեր աշխատանքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն Արման Թաթոյանն իր երախտագիտությունն է հայտնում Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբին և անձամբ հանձնախմբի ղեկավար տիկին Նորա Հովսեփյանին՝ պատվաբեր մրցանակի համար: Տիկին Հովսեփյանը, նրա գլխավորությամբ Հանձնախումբը մշտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ադրբեջանական զինված ուժերի զանգվածային խախտումները փաստագրելու և վերլուծելու, ամերիկյան ազդեցիկ հարթակներում գերիների վերադարձի ու մյուս կենսական հարցերում: Այն Միացյալ Նահանգների արևմտյան տարածաշրջանում ամերիկահայերի շահերի ու իրավունքների պաշտպանության ամենամեծ և ամենաազդեցիկ կազմակերպությունն է:

Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի նպատակն է առաջ քաշել ամերիկահայ համայնքի մտահոգությունները Հայ Դատի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր խորին շնորհակալություն է հայտնում ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին: Նրանք հատկապես ադրբեջանական զինված հարձակումների առաջին ժամերից սկսած մշտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին զեկույցներ կազմելու, ադրբեջանական պատերազմական հանցագործությունները փաստագրելու հարցերում: Հայ անվանի փաստաբանները մշտապես աջակցել են Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական հանցանքների լայն իրազեկման, միջազգային ատյաններում քննության գործընթացներին, գործուն միջոցներ են ձեռնարկվել պատերազմական ամենազգայուն, այդ թվում՝ գերիների վերադարձի, սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին մրցանակը շնորհելու կապակցությամբ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է.

«Որպես Հայաստանի օմբուդսման՝ Արման Թաթոյանն օգտագործել է իր իրավասության ներքո եղած բոլոր ռեսուրսները՝ պաշտպանելու մարդու իրավունքները և մեր ժողովրդի արժանապատվությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կառավարության ագրեսիվ գործողությունները միջազգային հանրության առջև՝ նպատակ ունենալով ոճրագործ ռեժիմին պատասխանատվության ենթարկելու: Նա մեծապես արժանի է Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի հեղինակավոր Human Rights Champion մրցանակին, և մենք անհամբեր սպասում ենք նրան Կալիֆորնիայում, որտեղ մեր համայնքը կարող է իր հավաքական երախտագիտությունը հայտնել այն ամենի համար, ինչ նա արել և շարունակում է անել մեր հայրենիքի համար»,- նշել է հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակելու է առավելագույն հնարավորություններով ներկայացնել Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված փաստահավաք աշխատանքները, անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու նրանց վերադարձի հրատապությունը»: