Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին, որը միտված է նրանց աշխատավարձերի բարձրացմանը, մասնակցել է 996 մասնագետ: Ժաննա Անդրեասյանը հստակեցնում է, որ հավելավճարը վերաբերում է ուսուցչի հիմնական աշխատավարձին, եւ եթե նա դասավանդում է տարբեր առարկաներ, որոնցից միայն մեկով է մասնակցել գիտելիքների ստուգմանը, ապա բարձրացումը վերաբերում է նաեւ մյուս առարկաների ժամաքանակներին:
Փոխնախարարն ընդգծում է, որ կամավոր ատեստավորման միջոցով նպատակ չունեն ստուգել ուսուցիչների մանկավարժական կարողությունները. ծրագիրն առարկայական գիտելիքների ստուգում էր:
Նախարարության առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելը: Այս կարծիքին է կրթության փորձագետը, և նրա կարծիքով մի մասին խրախուսելը չի կարող համակարգային արդյունքների բերել, իսկ նման ցածր մասնակցության պատճառներից մեկը, կրթության փորձագետի խոսքով, այն է, որ ուսուցիչների համար հստակ հասկանալի չէր՝ ի՞նչ են հարցնելու իրենց, ի՞նչ բարդության են լինելու հարցերը: Մյուս հանգամանքը, ըստ նրա, այն է, որ մեր երկրում ուսուցիչների 33%-ը 55 տարեկանից բարձր է:
Անդրադառնալով բողոքարկման փուլին՝ Ժաննա Անդրեասյանը նշում է, որ 254 դիմում են ստացել: Բողոքարկման արդյունքներով հավելավճար ստացող ուսուցիչների թիվն ավելացել է 13-ով եւ փաստացի կա 481 ուսուցիչ, ինչը մասնակիցների 48,5 տոկոսն է: Ատեստավորումն անցած համարվում են նաեւ 60 եւ ավելի հավաքած ուսուցիչները: Բողոքարկման արդյունքներով 60 եւ ավելի բարձր ցուցանիշ ցույց տված ուսուցիչները կազմում են 65,2 տոկոս:
Սերոբ Խաչատրյանը շեշտում է՝ ուսուցչի որակը չի կարող չափվել միայն առարկայական թեստերով, հետեւաբար այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարել շեմը որեւէ կերպ չպետք է մտածեն, որ իրենք վատ ուսուցիչ են:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում: