կարևոր
727 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-05 19:47

Պատերազմի 40-րդ օրը ՊՆ ներկայացուցիչը զբաղված էր ներկա իշխանության գովեստով և վստահեցնում էր, որ առաջնագծում ամեն ինչ շատ լավ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի 40-րդ օրը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում հրթիռակոծության պայմաններում պատարագ էր մատուցում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Ո՞վ կմտածեր, որ սա լինելու է վերջին պատարագներից մեկը:

Իսկ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն առաջնագծի զինծառայողներից լուսանկարներ էր հրապարակել՝ կից գրելով, որ ամեն ինչ լավ է, ուժեղ են, վճռական եւ անձնվեր: Արցախի ՊԲ-ն էլ հայտնել է, որ Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը եւս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է, սակայն նշենք, որ Քարին տակը հակառակորդի վերահսկողության տակ էր անցել հենց պատերազմի 40-րդ օրը:

Պատերազմի ավարտին եւ ծանր պարտությանը մնացել էր ընդամենը 4 օր, իսկ Արծրուն Հովհաննիսյանը հպարտանում էր, որ թշնամին պայքարում է միայն իրենց դրոշներով կեղծ լուսանկարներ հրապարակելու համար: Նրա խոսքով՝ թշնամու համար կարեւոր էր նոյեմբերի 9-ը, քանի որ իրենց դրոշի օրն է: Պն ներկայացուցիչը վստահեցնում էր, որ ամեն ինչ այնքան լավ է, որ առաջնագիծը դարձել է թշնամու համար մսաղաց:

Պատերազմի 40-րդ օրը Արծրուն Հովհաննիսյանը զբաղված էր ներկա իշխանության գովեստով: Նրա խոսքով վերջին 2 տարվա ընթացքում հայկական բանակն ավելի շատ նորարարական զենքերով է համալրվել, քան նախորդ 10 տարվա ընթացքում: Այդ դեպքում ինչո՞ւ պարտվեցինք. հարց, որից միշտ խուսափում է ներկա իշխանությունը՝ մեղքը բարդելով նախկինների վրա:

Մինչ թշնամին Արցախում շարունակում էր թիրախավորել խաղաղ բնակավայրերը՝ հասցնելով թե՛ մարդկային եւ թե՛ նյութական կորուստներ, թիկունքում պաշտոնական աղբյուրները հմտորեն քողարկում էին իրականությունը, եւ ընդամենը 4 օրից կորցնելու էինք հայրենիքի մի մասը: «Գրադ» կայանքից հրթիռահոծվում էր Շուշին, կրակի տակ էր Ստեփանակերտն ու Մարտունին, իսկ շատ բնակավայրեր արդեն թշնամու ձեռքում էր:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: