Ինձ մոտ տպավորություն է, որ արհեստականորեն փորձում են ձգձգել նիստերը, որպեսզի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն չներկայացվի, որովհետև ամեն հարցով չէ, որ դատարանը որոշում կայացնելու համար պետք է հեռանա խորհրդակցական սենյակ։ Օրենսդրությամբ հստակ նախատեսված է նաև որոշումների տեսակները, որոնք պարտադիր են խորհրդակցական սենյակում լուծվելու համար: Այս մասին Առուշ Առուշանյանի գործով դատական նիստից հետո ասաց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, երբ ամեն մի հարցով հեռանում են խորհրդակցական սենյակ: Ես չեմ ցանկանում նախագահող դատավորի անաչառության վերաբերյալ ինչ-որ վերացական դատողություններ անել։ Խափանման միջոցի հարցի քննարկման համար միգուցե ստեղծվում են արհեստական խոչտընդոտներ, որովհետև մենք տեսանք՝ առաջին միջնորդության վերաբերյալ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար, իսկապես շատ ժամանակով, բայց դա այդ միջնորդությունը չէր, այդ ծավալի հարց չէր քննարկվեր, որպեսզի նման միջնորդության վերաբերյալ որոշում կայացվեր երկար ժամանակ»,- ասաց Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է դատախազության ներկայացրած միջնորդությանը, որ պետությանը փոխանցվի նախկինում փոխանցած գրավը պաշտպանը նշեց․
«Դատախազի ամողջ ասածը հետևյալն է․ պետք է գրավը հօգուտ պետությանը բռնագանձվի, որովհետև քրգործի շրջանակներում, երբ կիրառվել է պարոն Առուշանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց, այդ խափանման միջոցի պայմանը խախտվել է նոր հանցանքի կատարմամբ, այսինքն նոր մեղադրանքի շրջանակներում, հետևաբար այստեղ առկա է հիմք գրավի համապատասխան գումարը հօգուտ պետության բռնագրավելու։ Մեր ասածը հետևյալն է, որ ադպես մարդու անմեղության կանխավարկածն է ոտնահարվում։ Դատարանն էլ կարող է դա միայն վերջանական դատական ակտով գնահատական տալ»։
Լրագրողի այն հարցին, թե այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ արվում է, որ Առուշանյանը իր քաղաքապետի պաշտոնին ավելի ուշ անցնի Էրիկ Ալեքսանյանն ասաց.
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գործող իշխանությունը չի ցանկանում Առուշ Առուշանյանին տեսնել Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնին, և դրա համար արեցին ամեն ինչ. վատ քարոզներ սկսեցին իրականացնել, վերջինիս անձի շուրջ տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակեցին, այսինքն պարզ է, որ այս իշխանությունը Առուշանյանի հետ խնդիր ունի»:
Հիշեցնենք, որ այսօր Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը: Դատարանում Առուշ Առուշանյանին դիմավորել էին ծափահարություններով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առուշ Առուշանյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացվեց, իսկ հեռախոսազանգերի սահմանափակումները՝ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում: