Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մասամբ բավարարեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման արգելքը հանելու վերաբերյալ:
Դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները, իսկ հեռախոսային կապի արգելքը կպահպանվի: Դատարանը նաև նպատակահարմար չգտավ Առուշ Առուշանյանին Գորիսի ՔԿՀ տեղափոխելը:
Դատարանն այսօր հասցրեց լսել նաև պաշտպանական խմբի մեկ այլ միջնորդություն՝ գործով տուժողի ներկայացուցչին վարույթից հեռացնելու վերաբերյալ:
Պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել, քանի որ տուժողի ներկայացուցիչը նաև գործով ներգրավված է որպես վկա: Պաշտպանական կողմի այս միջնորդությունը Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց:
Հիշեցնենք, որ այսօր Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը: Դատարանում Առուշ Առուշանյանին դիմավորել էին ծափահարություններով: