469 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-05 15:04

ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել. Լիլիթ Գալստյան

ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել. Լիլիթ Գալստյան

ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում:

«Հարգելի նախագահ, գործընկերներ,

Մեր օրակարգի հիմնական սևեռումը Աֆղանստանն է, և, իրավամբ,  տարածաշրջանում  հետագա նոր առճակատումները կանխելու և երկարատև լուծումների հասնելու անհետաձգելի  գործողություններ և որոշումներ են անհրաժեշտ։ Սակայն պիտի ասեմ, որ  Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները նույնքան կարևոր են և դրանք պահանջում են հավասարակշռված որոշումներ՝ հիմնված միջազգային իրավունքի և սկզբունքների վրա։

ԵԱՀԿ-ի՝ որպես անվտանգության և կայունության հարցերով զբաղվող և պատասխանատու կազմակերպության ուշադրությունն եմ ուզում  բևեռել  Հայաստանի և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող նոր իրողությունների վրա։

Գրեթե մեկ տարի առաջ Հայաստանն ու Արցախը բախվեցին Ադրբեջանի՝  Թուրքիայի աջակցությամբ  սանձազերծած ագրեսիային, ուր  Թուրքիան անմիջական մասնակից էր  և հովանավորում էր միջազգային ահաբեկիչների։ Խախտելով միջազգային օրենքներ և մարդու իրավունքներ՝ ադրբեջանական բանակի կողմից իրականացվեցին  սարսափելի հանցագործություններ, կիրառելով քիմիական զենք, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում ավերելով և ոչնչացնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։

Մեկ տարի առաջ ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը կասեցրեց ագրեսիան, սակայն անվտանգության հարցերը  շարունակում են մնալ չլուծված։ Արցախի Հանրապետության հակամարտությունը լուծված չէ, ավելին, արդեն  5-րդ ամիս է, ինչ ադրբեջանական զորքերը՝ խախտելով ՀՀ պետական սահմաններ՝ օկուպացված են Հայաստանի տարածքներ։

Ցավոք, ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները։ Մենք նաև նախազգուշացրել էինք ԵԱՀԿ-ին և անդամ պետություններին, որ եթե մենք չկարողանանք այս խնդրին ճիշտ և համակողմանի անդրադառնալ, ապա մենք կունենանք օտարերկրյա ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավման ավելի ու ավելի շատ դեպքեր, երբ ԵԱՀԿ տարածքում վերջիններս կդառնան իշխանություն ձևավորելու և քաղաքական նպատակներ հետապնդելու միջոց:  Աֆղանստանի օրինակը շատ խոսուն է։

Ի վերջո, շեշտելով և վերահաստատելով Հելսինկյան Եզրափակիչ ակտի հայտնի սկզբունքները՝ ուզում եմ ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող լուծված համարվել ագրեսիայի  կամ պատերազմական ճանապարհով։ԱՀ հակամարտությունը սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իր արդար հանգուցալուծմանը՝ որը պետք է հենվի  Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման վրա, ներառի տեղահանված բնակչության երաշխավորված և  անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր, ինչպես նաև  տարածաշրջանի պատմական և կրոնական ժառանգության պահպանումը:

Տիկնայք և պարոնայք, մենք կարող ենք կանխել ապագա բռնություններն ու հանցագործությունները, եթե այսօր իսկ պայքարենք դրանց դեմ»։