«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը չի ցանկանում մեկնաբանել իր՝ խմբակցությունից դուրս գալու մասին տեղեկությունները. «Ոչ հերքում եմ, ոչ՝ հաստատում»,-լրագրողներին ասաց պատգամավորը:
Իշխան Զաքարյանը նաև հայտնել է, որ երկուշաբթի կհրավիրի բոլոր լրագրողներին ու կխոսի այդ թեմայով.:
Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ Տեւական ժամանակ է՝ խոսվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ Զաքարյանն օրերս խմբակցության ղեկավարությանը հայտնել է, որ որոշումն արդեն կայացրել է եւ, ըստ ամենայնի, առաջիկայում կհրապարակի։ Պրոցեսը, որը սկսվել էր ամիսներ առաջ, գուցե` նոր ԱԺ-ի կազմավորման առաջին իսկ պահից, պարզապես սառեցվել էր Արթուր Վանեցյանի շնորհիվ։
Թերոը նշում էր, որ Վանեցյանը Զաքարյանին հորդորել էր խմբակցությունը լքելու դեպքում մանդատից հրաժարվել, սակայն Զաքարյանի ՔՊ-ական ընկերները` Խաչատուր Սուքիասյանի ղեկավարությամբ, ավելի համառ են գտնվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Խոսքը գնում է հողերի օտարման գործընթացի մասին. ըստ նախաքննական մարմնի՝ կազմակերպված աճուրդները կրել են ձեւական բնույթ՝ հօգուտ Իշխան Զաքարյանի։
Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։
Ընդ որում՝ հարցը դրվել է այնպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի, ու այս ամիսներին պատգամավորական գործունեությամբ աչքի չընկած Իշխան Զաքարյանը պետք է մնա որպես լրացուցիչ «կոճակ սեղմող»՝ իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քվեարկության համար։