Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են եզրափակիչ մենամարտերը: Նոյեմբերի 5-ին տեղի կունենան 48 կգ, 54 կգ, 60 կգ, 67 կգ, 75 կգ, 86 կգ եւ +92 կգ քաշային կարգերի եզրափակիչները:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի եզրափակիչ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը:
+92 կգ քաշային կարգի եզրափակչում 24-ամյա բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար կմենամարտի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ։
Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում Չալոյանը բացահայտ առավելությամբ 5։0 հաշվով հաղթեց երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւին եւ ապահովեց առնվազն փոխչեմպիոնի կոչումը:
Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից ունեցել է 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: