կարևոր
601 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-04 20:39

Նոր բացահայտումներ՝ Բաքու-Թել Ավիվ համագործակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անվտանգությունը Բաքվում նույնքան կարեւոր է Իսրայելի համար, որքան անվտանգությունը՝ Թել Ավիվում: «Jerusalem Post»-ի թղթակից Ջիլ Հոֆմանին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի հետախուզության ու հատուկ խնդիրների գաղտնի ծառայության՝ «Մոսադ»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ուզի Արադը: Հասկանալու համար, թե ինչ ազդեցիկ մարդու մասին է խոսքը, բավարար է նշել, որ 2009-2011 թվականներին Արադը եղել է Իսրայելի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ու այդ երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը: Եվ այսպիսով, նա հայտնում է, որ վերջին 24 տարվա ընթացքում ավելի քան 50 իսրայելցի բարձրաստիճան հրամանատար ՆԱՏՕ-ի հովանու ներքո ու Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ կարողացել են կազմակերպել եւ վերականգնել Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքները: Արադի այս հայտարարությունը տարածում են նաեւ թուրքական շրջանակները, օրինակ՝ թուրքական «Քարրար» պարբերականի լրագրող Սելին Նասին:

Թել Ավիվի եւ Բաքվի համագործակցության հիմնական ոլորտներն են Ադրբեջանին զենքի վաճառքը, անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջատար գործարանների կառուցումը, 146 վերապատրաստման դասընթացի անցկացումը Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների համար ու բազմաթիվ գաղտնի տարեկան համատեղ զորավարժությունների անցկացումը Կասպից ծովում, հարավային Ադրբեջանում եւ Հայաստանի հետ սահմաններում: Կարո՞ղ եք նշել որեւէ երկիր, որի հետ մենք նման հարաբերություններ ենք ունեցել: Ադրբեջանի Անվտանգության ծառայության շենքի մեկ հարկում «Մոսադի» սպաների տեղակայումը Կենտրոնական հետախուզական վարչության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների կողքին աննախադեպ է որեւէ այլ երկրում: Նկատի ունեցեք, որ իմ նշածներից ոչ մեկն այլեւս գաղտնիք չէ: Իհարկե, կան բաներ, որոնք մենք չենք կարող քննարկել:

Հարցազրուցավարը նաեւ հետաքրքվել է Արադից՝ որքանով է իսրայելական կողմը կարողանում ազդել Ադրբեջանի ներքաղաքական որոշումների վրա: Ու այս համատեքստում «Մոսադի» նախկին պաշտոնյան խոստովանել է, որ Բաքվում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի դեսպանատները կոալիցիա են կազմել ու վերջին 20 տարիվա ընթացքում նույն նպատակներն են հետապնդում: 

Այս կոալիցիայի գերիշխանությունն ու ազդեցությունը՝ Ադրբեջանում ու այդ երկրի պաշտոնյաների քաղաքական որոշումների վրա, նման է Հորդանան գետի Արեւմտյան ափին Իսրայելի տիրապետությանը: Միայն թե այն տարբերությամբ, որ Մահմուդ Աբասի փոխարեն Ադրբեջանի վարչակազմը ղեկավարում է քաղաքակիրթ մարդ Իլհամ Ալիեւ անունով:
Բաքու-Թել Ավիվ հարաբերությունների խորացումը փաստացի ձեռնտու է 2 կողմին: Նախ հրեական պետությունը ադրբեջանական նավթի երկրորդ խոշոր գնորդն է: Բացի այդ, Իսրայելի ռազմարդյունաբերությունը վերազինում եւ արդիականացնում է այդ երկրի բանակը: Ու վերջին տվյալներով՝ իսրայելական զենքի խոշորագույն գնորդների եռյակում Ադրբեջանը երկրորդն է Հնդկաստանից հետո: Իլհամ Ալիեւը, որը դարձել է հրեական պետության հազվագյուտ մահմեդական բարեկամը, իրականում չի էլ թաքցնում, որ Իսրայելն իր դաշնակիցն է, բայց գաղտնի է պահում, թե կոնկրետ, որ հարցերում են համագործակցում: Մինչդեռ, իսրայելա-ադրբեջանական դաշինքի «այսբերգի» անտեսանելի հատվածը, երկու երկրի անվտանգության ոլորտում համագործակցությունը, մեծացնում է Իսրայելի կողմից Իրանին հարված հասցնելու ռիսկերը: Ամեն դեպքում, Թեհրանը, որը վերջին շրջանում ակտիվորեն բողոքում էր Ադրբեջանում Իսրայելի ներկայությունից, Մոսադի նախկին պաշտոնայի հարցազրույցին դեռեւս չի արձագանքել:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։