«Հայաստան» դաշինքի կազմակերպած «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը թվարկեց, թե ինչ խնդիներր պետք է լուծի քննիչ հանձնախումբը։
Քննարկման թեմա, ըստ Գեղամ Մանուկյանի, պետք է լինի՝ 2018-2020 թթ. ՀՀ Զինված ուժերի, Արցախի Հանրապետության ՊԲ կադրային քաղաքականությունն ու տեղի ունեցած փոփոխությունները, պատերազմական գործողությունների մեկնարկին հայկական կողմի պատրաստվածությունն ու գործողությունները, պատերազմի ընթացքում ռազմական, քաղաքական համադրության և փոխգործակցության հարցը, ներքին կյանքն ու համաժողովրդական զորաշարժն արդյոք ՀՀ իշխանությունները կարողացա՞ն այդ օրերին ի մի բերել։
«Նախապատերազմական իրավիճակի պատրաստվածության, պատերազմը ծնող պատճառները, դիվանագիտական գործողությունները՝ դրան նախորդող տարիներին, հուլիսյան մարտեր, ետհուլիսյան իրավիճակ, ԶՈւ-երի ռազմավարական ծրագրերի մշակումներն ու ետապրիլյան վերազինման ծրագրերում եղած փոփոխությունները. այն, ինչ կատարվել է, պատերազմի ողջ ռազմական, քաղաքական պատկերը, որը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ նշելով․
«Ապրիլյան պատերազմի ժամանակ գիտեինք, որ պատերազմ է, բոլորս պատերազմի մեջ էինք, գիտեինք որ կռիվ է, բոթը կա, բայց որևէ մեկը գիտե՞ր բունկերն ինչ է, բունկերի մեջի քարտեզն ի՞նչ է: Նախարարն իր գործն էր անում, վարչության պետն իր գործն էր անում, մարզպետն իր գործն էր անում, գյուղապետն իր գործն էր անում: Ես հավաքել եմ բոլոր նախարարների՝ 2020 թվականի այդ օրերի «թիթիզությունները», երբ բնապահպանության նախարարը դիպուկահար զենքով ինչ-որ նկար է ցույց տալիս, բոլոր մյուս նախարարները տուրիստական վոյաժներ էին դարձրել Արցախ գնալը»։
«Մեկ տարվա ընթացքում իշխանությունը փորձել է տարբեր ձևաչափերով ոչ պաշտոնական քննիչ հանձնաժողով ձևավորել, և իրականում ոչ պաշտոնական քննիչ հանձնաժողովը կա, ուղղակի կան տարբեր մակարդակներով. քննիչ հանձնաժողովներ կան իրավապահ համակարգում, երբ իրավաբանականը 2-3 տարի ավարտած, իրավաբան դարձած մեկը կարող է քննել գնդի կամ ավել մեծ զորամիավորման հրամանատարի գործողությունները՝ պատերազմի դաշտում, հետո դրա հիման վրա առաջադրել մեղադրանք: Քննիչ հանձնաժողով կա հանրային տիրույթում՝ սկսած կեղծ կայքերից, կեղծ լրատվությունից, կեղծ հերոս մասնակից-դեմքերից , որոնք թիրախավրում են զինվորականների, ազատամարտիկների և այլն։ Քննիչ հանձնաժողովն արդեն ձևավորվել է ԱԺ-ում՝ հանձին ընդդիմության»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ վերջին 2 ամսվա ընթացքում Կառավարությանն ուղղված ընդդիմության իրար հետևող մի շարք հարցերից 2 բան արդեն պարզվեց․ նախ՝ մի քանի օրվա տարբերությամբ, մի քանի հարցերի արդյունքում Նիկոլ Փաշինյանն էդպես էլ մնաց հարցի մեջ՝ սեպտեմբերի 27-ին նա տեղյակ եղե՞լ է պատերազմ սկսելու մասին, թե՞ ոչ ․
«Մի օր ասել է տեղյակ եմ, մի օր ասել է տեղյակ չեմ։ Սյունիքից դեկտեմբերին զորքը հետ քաշելու մասին, մեր գործընկերներից շատերը պարբերաբար ԱԱԾ, ՊՆ գրում ենք՝ լավ ինչի՞ հիման վրա եք զորքերը հետ քաշել, որևէ պատասխան չկար։ Խաչաձև հարցումներից հետո Նիկոլ Փաշինյանը Խորհրդարանում ասաց՝ «Այո՛, ես եմ հրամանը տվել»։
Նա մեկ այլ օրինակ էլ Մանուկյանը բերեց, թե ինչպես ու ինչ տրամաբանությամբ է բաշխվել աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ուղարկված օգնությունը։
«Պատերազմի ժամանակ հազարավոր մարդիկ օգնություններ, առաքումներ էին իրականացնում Հայաստան։ Իշխանական ՔՊ-ական 5 պատգամավոր, որոնցից 2-ը զիnվորական ծառայություն չէին անցել, որոշել են՝ այս ապրանքը պաշտպանության նախարարություն պե՞տք է գնա, թե՞ ռազմական նշանակության չէ: Չի որոշել ոչ ոք, միայն այդ 5 պատգամավորը։ Եվ հենց դրա համար տպավորությունը ամբողջ պատերազմի ընթացքում հետևյալն էր․ «երեխեք, կռիվ է սկսվել, մենք պետք է ցույց տանք, որ հայրենասեր ենք, մենք էլ կարող ենք պատերազմ հաղթել, ինչպես նախկինում եղել է»»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Այնուհետև Գեղամ Մանուկյանը հարցադրում արեց՝ կարո՞ղ է այս պայմաններում ձևավորվել քննիչ հանձնաժողով, իշխանություններն արդեն նշանակել են մեղավորներ, մեկ տարի շարունակ ամեն օր նշանակում են։
«Այն վտանգները, խութերը, որոնք կան, լուրջ մտածելու տեղիք են տալիս՝ արդյոք լինելո՞ւ է այս հանձնաժողովը, արդյոք կարողանալո՞ւ է հանրային քաղաքական հենքն ապահովել, որին գումարվելու է ռազմական ամբողջական քննությունը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի վերջին իշխանությունը հայտարարել էր 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին։