Հայաստանում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աղետ։ Մեր հազարավոր հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակը ուղղակի նվիրվեց թշնամուն։ Նվիրելու ձևն ընտրվեց պատերազմի միջոցով։ Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նա նշեց, որ նվիրելու ձևերը տարբեր են՝ ստորագրություն, պատերազմ, պլանավորված, պայմանավորված պատերազմ։ Այս անգամ ընտրվել էր պատերազմի միջոցով։
«Երբ իշխանությունը հրաժարվում է քրեական գործեր հարուցել, հրաժարվում է իրավական ճանապարհով իրավիճակը, հանգամանքները հետաքննելուց, ստիպված քաղաքական ընդդիմությունը գնում է իր ձեռքի տակ գտնվող գործիքակազմի օգտագործման, այսինքն՝ քաղաքական մակարդակում քննիչ հանձնաժողովների ձևավորման, որովհետև ընդդիմությունը, չունենալով լծակներ իշխանության մեջ հետաքննություն իրականացնելու համար, ձեռնամուխ է լինում քաղաքական մակարդակով։ Անցյալ տարվա նոյեմբերից հետո ներկայացվել է 6-7 հաղորդում հանցագործության մասին պետական դավաճանության հանցակազմով, նաև ներկայացվել էր հաղորդում տարածքային ամբողջականության դեմ ուղղղված գործողությունների հիմքով և որևէ քրեական գործ չհարուցվեց, դատախազությունը հրաժարվեց»,- ասաց Ղազինյանը։
Նա ասաց, որ հուլիսի վերջին իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին.
«Զարմանալի է, որ ունենալով իրավապահ մարմինների նկատմամբ գրեթե 100 տոկոսանոց ազդեցություն և իմանալով, որ կարելի է քրեական գործերի հարուցման միջոցով վարել իրավական նախաքննություն, ըստ էության, նրանք հրաժարվեցին բովանդակային, բազմակողմանի, լրիվ հետաքննությունից և որոշեցին քննությունը տեղափոխել քաղաքական հարթակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողով, որը, բնական է, չունի այդպիսի լիազորություն, ազդեցություն, լծակներ խորքային հետաքննություն իրականացնելու համար։
Նա հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողովների ստեղծումն ընդդիմության զինանոցում գտնվող գործիք է, որով կարողանում է հակազդել իշխանության բավական լայն լիազորություններին, լծակներին, բայց այս անգամ իշխանությունն առաջ ընկավ և որոշեց ձևավորել նման հանձնաժողով։
Ղազինյանը նշեց, որ այս հանձնաժողովը պետք է ստեղծվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ձևաչափով, այսինքն հանձնաժողովի կազմի մեջ մտնող անդամների թվով պետք է իրականացվի այդ քննությունը։ Նա ասաց, որ չի պատկերացնում իշխանության այն կազմը, որը ներկայացված է հանձնաժողովում։
«Ի՞նչն էր իրենց խանգարում, օրինակ, օգոստոսի վերջին, սեպտեմբերին, հոկտեմբերին, ձևավորել այդ հանձնաժողովը։ Կարծես թե ամեն ինչ չի գնում իշխանության համար ցանկալի նախանշած ուղղով, և հիմա նրանք ճանապարհներ են փնտրում չեզոքացնելու հանձնաժողովում ընդդիմության բավական ազդեցիկ դերակատարությունը։ Հիմա իրենք քննարկում են արտախորհրդարանական հաճախորդների ակումբից համալրել հանձնաժողովը և ընդդիմության ձեռքից վերցնել մեկ քառորդը»,- ասաց Ղազինյանը։
Նա նշեց, որ մեկ քառորդի դեպքում ընդդիմությունը կարող է պահանջել և ստանալ ցանկացած փաստաթուղթ, ցանկացած պաշտոնատար անձի ներկայությունն ապահովել, կաշկանդված չեն հարցերի քանակով, խորությամբ, այսինքն, ըստ նրա, հարցաքննությունը տեղի է ունենալու ընդդիմության 4 ներկայացուցչի կողմից։
«Հաճախորդի ակումբից համարել այս հանձնաժողովը ևս խոսում է այն մասին, որ նրանք չունեն վստահություն, համոզմունք, որ այս կազմով, որով ունեն հանձնաժողով, նրանց կհաջողվի կոծկել, քողարկել, փակել պատերազմում իրենց գործած հանցանքների էջը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում նրանք չեն կարող առանց օրենսդրական փոփոխության հանձնաժողովի մեջ ներգրավել արտախորհրդարանական ուժերի, հետևաբար սպասում են, որ կարող է առաջիկա քառօրյայում ներկայացնեն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու առաջարկություն, որով նախատեսեն արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացավածություն այդ հանձնաժողովում։
«Հանձնաժողովի աշխատանքի արդյունքը, փաստական տվյալները պետք է ուղարկվեն գլխավոր դատախազին, որն ինձ և մեր գործընկերին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին։
Իմ և մեր ընկերների աշխատանքը ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ունի մեկ գերակա նպատակ՝ գտնել այդ փաստերն ու ներկայացնել գլխավոր դատախազին։ Մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց Արթուր Ղազինյանը։