Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկեին ռազմավարական վերանայում իրականցնելու համար և այդ ռազմավարական վերանայմամբ գնահատեին անվտանգության միջավայրը, ներքին և արտաքին սպառնալիքները։ Բայց ՀՀ իշխանությունները, ունենալով բոլոր հնարավորությունները և ամբողջ գործիքակազաը, այն չեն իրականցրել։ Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանի խոսքով, այդ նախաձեռությունները իշխանությունները պետք է կատարեին, և նաև ընդգրկեին ընդդիմությանը, սակայն ստիպված է լինում ընդդիմությունը նախաձեռնել, որին իշխանությունները չեն փորձում անգամ ընդգրկվել։
«Չնայած պետք է հակառակը լիներ։ Կառավարությունը իր բոլոր կառույցներով՝ ՊՆ, ԱԽ գրասենյակը, խորհրդարանը, ԱԱԾ-ն պետք է այդ ամենը իրականացնեին ու մեզ ընդգրկեին։ Մենք հիմա ներքևից ենք այդ ամենն իրականացնում։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն փորձում ընդգրկվել այդ գործընթացների մեջ»,-ասաց քաղաքական գործիչը։
Օհանյանն արձանագրում է, բավականին բարդ աշխարհքաղաքական իրավիճակ է ստեղծված, Հայաստանում, Արցախում, Հարավային Կովկասում հայտնվել են որոշ դերակատարներ։
«Ես նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմը, որը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի նկատմամբ իրականացնում է ճնշումներ։ Խոսում են ապաշրջափակման մասին, բայց ես ասում եմ, որ առանց խաղաղության համար ոչ իրական, ոչ էլ իրավապայմանագրային հենք ունենալու դեպքում ապաշրջափակումը բերելու է Հայաստանի ու Արցախի խոր շրջափակման»,-ասաց նա։
Օհանյանի խոսքով, հիմա Հայաստանն ու Արցախը գտնվում են տկար վիճակում, հետևաբար դրանց ազդեցությունն էլ թուլացել է։
«Այս իշխանությունների օրոք, որ երկիրը տարել են պարտության, պարտությունների շարանը շարունակվում է սահմաններում, շփման գծում։ Հիմա խոսվում է, որ նոյեմբերի 9-ին էլ երկու երկրների միջև ինչ-որ բան է ստորագրվելու։ 2021 թվականի այս իրականության մեջ կան խոսակցություններ փաստաթղթերի ստորագրման մասին, որոնք ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ «Հայաստան» դաշինքն ու համանուն խմբակցությունը տեսական, գործնական ու այլ քայլեր են ձեռնարկում ազգային դիմադրության մակարդակը բարձրացնելու համար՝ «Ո՛չ Հայաստանի թուրքացմանը, ո՛չ Արցախի հայաթափմանը» խորագրի ներքո։
«Այս իշխանությունները պետք է հեռանան, պարտության, կապիտուլյացիա բերած իշխանություններն անընդհատ գտնվում են պարտադրանքի ներքո և չեն կարող հետագա զարգացում բերել»,-ասաց նա։