Գործադիրը Կառավարության այսօրվա նիստում մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած վիրավորանքը ապաքրեականացնող օրենսդրական նախաձեռնությանը։
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունը ներկայացրել էր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ։
Նախագծով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՔՕ 137.1 հոդվածը, որով քրեականացվել է անձին հայհոյելը կամ նրա արաժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը։
Կառավարության եզրակացության մեջ ասվում է. «Արդարացված չի կարող համարվել վերը նշված հիմնավորումների հաշվառմամբ իրավաչափ և համաչափ սահմանափակում նախատեսող հանցակազմի ապաքրեականացումն՝ ընդամենը երեք ամիս առաջ քրեականացնելու պայմաններում: Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջարկում է նախագծերով քննարկվող գործող օրենսգրքերի հոդվածները թողնել անփոփոխ»: