կարևոր
391 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-03 23:43

ՄԻՊ-ը ներկայացնում է անվտանգության ապառազմականացված գոտու անհրաժեշտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարդու իրավունքների պաշտպանը մամուլի ասուլիսով ներկայացրել է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես բնակչության իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք Հայաստանում: Նա ընդգծել է, որ ադրբեջանցիների տեղակայումներն անօրինական են, ինչպես նաեւ նշել է, որ հիմք չեն ընդունվել միջազգային չափանիշները, մինչդեռ անհրաժեշտ էր ուսումնասիրել ու վերլուծել կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հետ կապված հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ անդրադարձել է ավտոճանապարհային հատվածի խնդիրներին, մեկնաբանել է Իրանի քաղաքացիներին անօրինական կանգնեցնելու դեպքերը:

Ասուլիսի 2-րդ հատվածում՝ հարցուպատասխանի ժամանակ, Արման Թաթոյանը անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին: Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները քաղաքական բնույթի է համարում եւ, որ մի քանի ամիս անց կառաջադրեն ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:

Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ՝ այն էլ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից: Ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը:

Թաթոյանը նաեւ հիշեցրել է 2018 թվականի ապրիլ-մայիսին իր աշխատակազմի  հետ այցերը, երբ նա անձամբ  կապի մեջ էր այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք այդ ժամանակ շարժմանն էին մասնակցում: Նրանք ՄԻՊ-ին անձամբ նամակագությամբ ուղարկում էին բերման ենթարկվածների անուն-ազգանունները, որպեսզի արագ այցելեին:

Ասուլիսի ավարտին նա նաեւ նշել է՝ որպես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան շարունակելու է իր բացառիկ իրավապաշտպան աշխատանքը:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում: