կարևոր
679 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-03 21:34

Պատերազմի 38-րդ օրը. պաշտոնական քարոզչությամբ մենք հաղթում էինք, իսկ 6 օր հետո կապիտուլյացիոն պայմանագիրն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի ավարտին 6 օր էր մնացել, բայց մենք դեռ հաղթում էինք, իսկ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հպարտորեն խոսում էր ՔՊ ջոկատների առաջնագիծ մեկնելու մասին՝ նշելով, որ նրանք առաջին օրվանից առաջնագծում են: Սակայն որտե՞ղ էին Ալեն Սիմոնյանի նշած հայրենասեր կերպարները հանրությանն այդպես էլ հայտնի չդարձավ: Հիշենք, սակայն, որ նրանք բավարարվեցին միայն պատերազմի սկզբում ռազմական հագուստով նկար հրապարակելով:

Չնայած պաշտոնական աղբյուրների հաղթանակի մասին հրապարակումներին՝ Արցախի նախագահը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ պատերազմական օրերին Արցախը լքած պետական պաշտոնյաները կպատժվեն: Ի՞նչ էր դրանով ուզում ասել, եւ ո՞ւմ  ի նկատի ուներ Արցախի նախագահը:

Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր եւ ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսեւորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու եւ իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Արծրուն Հովհաննիսյանը օրվա ճեպազրույցում հայտարարեց, որ առավոտյան թշնամին բոլոր ուղղություններով շարունակել է հարձակումը: Նրա խոսքով՝ դիվերսիոն ներթափանցման փորձերը նույնպես շարունակվել են, մասնավորապես, Թաղավարդ գյուղի ուղղությամբ: Սակայն, ըստ նրա, մարտերն այնքան ծանր չեն, որքան առաջին օրերին: Պն ներկայացուցիչը, օրինակ վերցնելով Նիկոլ Փաշինյանից, դիմում է բանաստեղծության օգնությանը:

Պատերազմի 38-րդ օրը, երբ մարտերը ոչ թե սահմանին, այլ բուն Արցախում էին ընթանում, որեւէ մեկն անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ ընդամենը մի քանի օր հետո կստորագրվի կապիտուլյացիոն պայմանագիր: Պաշտոնական քարոզչության փոխանցած հաղթական տրամադրությունները ընդամենը մի քանի օր հետո վերածվելու էին հայրենիքի կորստի դառը գիտակցման:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: