կարևոր
637 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-03 20:41

Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները դադարեցրել են բողոքի ակցիան․ պահանջված հանդիպումը տեղի կունենա շաբաթվա վերջ

Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները դադարեցրել են բողոքի ակցիան․ պահանջված հանդիպումը տեղի կունենա շաբաթվա վերջ

Անհետ կորած և զոհված զինծառայողների ակցիան Կառավարության մոտ ավարտվեց։ Նրանք կհանդիպեն վարչապետին շաբաթվա վերջ։

Զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում հարազատները խնդրել էին ոստիկանապետին աջակցել և հանդիպում կազմակերպել վարչապետի հետ։ Այն կայացել է, պայմանավորվածություն են ձեռք բերել շաբաթ օրը հանդիպում կազմակերպել զինծառայողների հարազատների և վարչապետի հետ։

Մխիթարյանը նշեց, որ հարցերի շրջանակ են կազմում և ներկայացնելու են նաև հարազատների թվային տվյալներ, թե ովքեր են ներկա լինելու հանդիպմանը։ Խնդրանքն այն է, որ չգերազանցի 8-10 հոգին, իսկ ավելի արդյունավետ հանդիպում կարող է լինել 6 ծնողի հետ։

«Մեր պահանջն ու խնդրանքն է, որ լինենք սահմանափակ, որ կարողանանք մեկս մյուսին լսել, որովհետև փորձը ցույց է տվել, որ որքան ծնողները շատ են լինում, յուրաքանչյուրը իր անհատական պատասխանն է ուզում լսել, իսկ մենք ուզում ենք ընդհանուր գործերի մասին պատասխան լսել»,- ասաց Գարիկ Մխիթարյանը։

Ծնողները պատրաստվում են տեղեկանալ, թե քննչական գործողությունների արդյունքում ի՞նչ նորություններ կան, ԴՆԹ-ների հետ կապված ի՞նչ արդյունքներ ունեն։ Կբարձրաձայնեն նաև գերիների մասին հարցերը, կփորձեն հասկանալ, թե արդյոք գործողություններ են կատարվում՝ պարզելու, թե տվյալ զինծառայողներից որո՞նք են մնում ենթադրյալ գերիների ցուցակում, իսկ որո՞նք են հայտնվում հաստատված գերիների ցուցակի մեջ։

«Հուսանք, որ շաբաթ օրվա ունեցած հանդիպման պայմանավորվածությունը չի փոխվի։ Օրը նշանակվել է, Կառավարության մոտ մնալու իմաստ չենք տեսնում։ Պահանջատեր ենք, իրավունք ունենք բարձրաձայնելու մեր պահանջները, որպեսզի համապատասխան կառույցները արձագանքեն ու գործերին ընթացք տան»,-ասաց նա։

Մխիթարյանը նաև հավելեց, որ ծնողները կհանդիպեն օրակարգի հարցերը  քննարկելու համար, իսկ Փաշինյանի հետ հանդիպման ժամի և քանակի մասին տեղեկությունները փոխանակելու են նրա օգնականի հետ։

«Պահանջատեր ենք, իրավունք ունենք բարձրաձայնելու մեր պահանջները, որպեսզի համապատասխան կառույցները արձագանքեն ու գործերին ընթացք տան»,-եզրափակեց Մխիթարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։